Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սենատը կընդունի հայանպաստ բանաձևը, Ֆրանսիան կարող է սառեցնել Ադրբեջանի ղեկավարների ակտիվներն իր տարածքում. Արա Թորանյան

Սենատը կընդունի հայանպաստ բանաձևը, Ֆրանսիան կարող է սառեցնել Ադրբեջանի ղեկավարների ակտիվներն իր տարածքում. Արա Թորանյան
Քաղաքականություն
21:21, 14 ноябрь 2022

Civic.am-ի զրուցակիցն է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը։


 -Պարոն Թորանյան, նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներից անհապաղ դուրս գալու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարման երաշխավորման, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին բանաձևը։ Ի՞նչ սպասենք, Սենատը կընդունի՞ այս հայանպաստ բանաձևը։

 -Այո, կարծում եմ, Սենատը կքվեարկի: Այս բանաձևը մանրամասնորեն մշակվել է պատգամավորական խմբերի կողմից։ Խոսքը վերաբերում է Սենատի ձախ, կենտրոնական և աջ խմբերին: Հայաստանի հարցում Ֆրանսիայում քաղաքականապես միակարծիք են։
 
-Արդյոք Սենատի կողմից բանաձևի միայն ընդունումը բավարա՞ր է Ֆրանսիայի դիրքորոշումը հասկանալու համար, թե՞ Ֆրանսիայի նախագահը նույնպես պետք է իր հավանությունը տա բանաձևին։

 -Ֆրանսիայում գործադիր իշխանությունը պատկանում է հանրապետության նախագահին և կառավարությանը: Սենատը, որը կազմում է խորհրդարանի վերին պալատը, ներկայացնում է օրենսդիր իշխանության միայն մի մասը։ Բայց այս բանաձևը, եթե այն նույնիսկ չի հանգեցնի գործնական քայլերի, ունի քաղաքական և խորհրդանշական  մեծ նշանակություն։ Այն բացառություն չի լինի նաև Ադրբեջանի համար, որը մոբիլիզացվեց ընդդեմ բանաձևի։ 
 
-Եթե բանաձևն ընդունվի, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, իսկ չընդունվելու դեպքում ի՞նչ հետևանքներ կունենա։

 -Չեմ կարծում, որ այն չի ընդունվի, քանի որ դրա վրա աշխատել են տարբեր խմբեր։ Ու այն իմպրովիզացված նախաձեռնություն չէ։ Այն, սակայն, կառավարության համար ոչ մի պարտավորեցնող լիազորություն չունի։ Դա խորհրդանշական քաղաքական ակտ է։

 -Ի՞նչ կբերի Հայաստանին այս բանաձևի ընդունումը։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ֆրանսիան ընդդեմ Ադրբեջանի։ 
 
-Սա Ֆրանսիայի կողմից լրացուցիչ քայլ կլինի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Եվ, իհարկե, օրինակ կծառայի Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ խորհրդարանի մյուս պալատի համար՝ կողմ քվեարկելու բանաձևին: Հետևաբար, կառավարության և նախագահի գործն է լինելու հիմնվել այս բանաձևերի վրա, որպեսզի ֆրանսիացի ժողովրդի կամքին համապատասխան որոշումներ կայացնի, որն արտահայտվել է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով: 
 
-Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի 27 երկրների համաձայնությունը։ Ակնկալե՞նք, որ մյուս երկրները կհետևեն Ֆրանսիայի այս քայլին։ 
 
-Ֆրանսիան այս հարցում շատ մեկուսացված էր Եվրոպայում: Եվրոպական շատ երկրներ մեծ շահեր ունեն Թուրքիայից և Ադրբեջանից։ Բայց Ֆրանսիայի ձայնը մնում է ազդեցիկ։ Եվ մենք պետք է առաջ տանենք այն, որտեղ էլ որ լինենք, որպեսզի ավելի զորացնենք։ 

 
-Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարո՞ղ է կիրառել միայն Ֆրանսիան, եթե այո, ապա ի՞նչ տեսակի պատժամիջոցների մասին է խոսքը։ 
 
-Ֆրանսիան ինքնիշխան պետություն է, և այն կարող է սառեցնել Ադրբեջանի ղեկավարների ակտիվներն իր տարածքում: Բայց պարզ է, որ այս տեսակի ուժեղ միջոցն է՛լ ավելի մեծ ծավալ կունենար, եթե արվեր եվրոպական մակարդակով։ 
 
Նարա Մարտիրոսյան