Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող նախագիծ է ներկայացրել․ այն կքննարկվի վաղը

Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող նախագիծ է ներկայացրել․ այն կքննարկվի վաղը
Քաղաքականություն
20:39, 14 ноябрь 2022
Ֆրանսիայի Սենատի վեց անդամ, որոնք 2020-ին Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև են ներկայացրել, որը կքննարկվի վաղը՝ նոյեմբերի 15-ին։ 

Բանաձևով առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման, գազի ու նավթի ներմուծման էմբարգոյի հնարավորությունը։ Սենատորների նախաձեռնած բանաձևով, բացի պատժամիջոցներից, Ադրբեջանից պահանջվում է անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ 

Նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, քանի որ պատժամիջոցների կիրառման հարցը ոչ թե Սենատը, այլ կառավարությունն է որոշում։ 

Ըստ սենատորների՝ բանաձևի նպատակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել նրա զորքերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի տարածքից, հարկադրել հարգել նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրը և նպաստել երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության։ 

Փաստաթղթի հեղինակները հղում են կատարել Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածին, Միավորված ազգերի կազմակերպության 1945 թ. հունիսի 26-ի կանոնադրությանը, 1949 թ. ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագրին, 1969 թ. հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2005 թ. սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևին պաշտպանության պատասխանատվության մասին, 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։ Ըստ Սենատի կայքում տեղադրված փաստաթղթի ,

Սենատը

-նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 (2020-2021) բանաձևը,
-նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան հանդիսանում է այս պետության ինքնիշխանության և երկու կողմերի միջև կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում, 
-նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին, 
-նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության կողմից, 
-հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տեղի է ունենում անկայուն տարածաշրջանում, որը մոտ է Եվրամիությանը և պարունակում է տարածաշրջանային տերությունների ներգրավմամբ սրման վտանգ, 
-նկատի ունենալով, որ Եվրամիության հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունները կրում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության և Եվրամիության էներգետիկ ինքնավարության հետ կապված ռազմավարական խնդիրների հետևանքները, 
-նկատի ունենալով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի գործադրած ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում, որում նա համանախագահում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, 
-հաշվի առնելով ուկրաինական հակամարտության ազդեցությունը Մինսկի խմբի՝ իր առաքելությունը կատարելու ունակության վրա, ընդ որում՝ նկատի առնելով, որ այդ գործընթացը մշտապես խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելու պատճառով, 
-նկատի ունենալով միջազգային հանրության դատապարտումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը՝ այն նախագահող Ֆրանսիայի խնդրանքով, 

-Խստորեն դատապարտում է 2022 թվականի օգոստոսի սկզբին Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիաները, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքում և դրանց կրկնությունը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի հարավում և հարավ-արևելքում՝ խախտելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, միջազգային պայմանագրերը և ՄԱԿ կանոնադրությունը։ 

-Կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել և իրենց սկզբնական դիրքեր վերադարձնել ադրբեջանական ուժերը և նրանց դաշնակիցներին Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից, որի անվտանգությունն ու անփոփոխ կարգավիճակը պետք է ապահովվի՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պայմանների։ 

-Կոչ է անում ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը՝ իրենց և միջազգային պարտավորություններին համապատասխան։ 

-Կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։

-Դատապարտում է Ադրբեջանի կողմից 1969 թվականի հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումները և պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հարգել միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները, որոնք միտված են երաշխավորելու հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքը՝ ապրել խաղաղության և ազատության մեջ, տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ 

-Կոչ է անում կառավարությանը՝ վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և ռազմական հանցագործությունները։ 

-Կոչ է անում
կառավարությանը դիվանագիտական և տնտեսական բոլոր եզրակացությունները կատարել այս նոր հարձակումներից և իր եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենախիստ համարժեք պատասխանները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը և գազի ու նավթի ներմուծման էմբարգոն՝ պատժելու Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ուժերի ռազմական ագրեսիան՝ ի խախտումն նրա ինքնիշխանության։ Սենատի բանաձևի նախագիծը ֆրանսիական կառավարությանը հորդորում է նաև «բոլոր միջոցներով ցույց տալ Ֆրանսիայի սատարումը Հայաստանին՝ դիտարկելով մասնավորապես Հայաստանի պաշտպանունակության ուժեղացումը», և «անմիջապես ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու հայ և Հայաստանի բնակչության անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: