Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շատ արագ վերականգնվի. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շատ արագ վերականգնվի. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
Միջազգային
17:24, 22 декабрь 2022
«Ես ուշադիր հետևում եմ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ես մտահոգված եմ այն բանով, որ մարդկանց տեղաշարժի շարունակվող խափանումները, ինչը նրանցից ոմանց թույլ չի տալիս հասնել իրենց տները, ինչպես նաև հասանելիություն ունենալ առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին, ներառյալ սննդի մատակարարումներին և անհետաձգելի բժշկական օգնությանը, սպառնում են Լեռնային Ղարաբաղ բնակչության մարդու իրավունքների իրացմանը:

Անձինք, ովքեր պատասխանատու են միջանցքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման համար, պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս ճանապարհով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխարգելելու համար։ Բացի դրանից, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության էսկալացիայից:

Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնությանը և մարդու իրավունքների միջազգային առաքելություններին ազատ և անխոչընդոտ հասանելիություն ապահովելու կարևորությունը բոլոր շրջաններում և բոլոր մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար:

Ինչպես նշել եմ իմ 2021 թվականի հուշագրում, իշխանությունների համապատասխան մարմինները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն պայմաններ, ինչը թույլ կտա բոլոր համապատասխան սուբյեկտներին՝ ներառյալ իմ գրասենյակը, առաջնահերթ կերպով վերաբերվել նրանց, ովքեր մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն: 

Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ համակ ուշադրությամբ հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին։ Ես պատրաստ եմ համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել գոյություն ունեցող խնդիրները»,- գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: