Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը փորձել է մուտք գործել Լաչինի միջանցք. համազեկուցողները հայտարարություն են տարածել

ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը փորձել է մուտք գործել Լաչինի միջանցք. համազեկուցողները հայտարարություն են տարածել
Միջազգային
11:14, 27 апрель 2023
ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է մուտք գործել Լաչինի միջանցք՝ անմիջապես տեղում ծանոթանալու իրավիճակին:

Այս մասին ասված է ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողների տարածած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությամբ համազեկուզողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա), Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) ևս մեկ անգամ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: 

«Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի հրամանը: Վերջինս նշում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է նաև մուտք գործել Լաչինի միջանցք՝ անմիջապես տեղում ծանոթանալու իրավիճակին:

Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել բանակցային ջանքերը, որոնց ԵՄ-ն աջակցում է ամենաբարձր մակարդակով և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասված է հայտարարությունում։