Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը Ադրբեջանն առ այսօր չի կատարել. չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը․ Արուսյակ Ջուլհակյան

Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը Ադրբեջանն առ այսօր չի կատարել. չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը․ Արուսյակ Ջուլհակյան
Միջազգային
18:35, 27 апрель 2023
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին,  ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, հարգելի նախագահող,

Հարգելի գործընկերներ,

Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, որը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը հայտարարեց, որ վերջին 60 տարվա ընթացքում դատարանը կայացրել է ավելի քան 26000 վճիռ: Այնուամենայնիվ, 2023 թվականի մարտի դրությամբ Դատարանի ավելի քան 6000 վճիռներ չեն կատարվել եւ դեռ գտնվում են Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Սա նշանակում է, որ Դատարանի վճիռների մոտ 25%-ը չի կատարվել անդամ երկրների կողմից, եւ սա լուրջ խնդիր է: Դատարանի կողմից ընդունված միջանկյալ միջոցների կիրառումը նույնպես մեծ կարեւորություն ունի, սակայն, չնայած դրան, Նախարարների կոմիտեի լիազորություններն, այս առումով, խիստ սահմանափակ են:

Ուզում եմ հիշեցնել, որ ԵԽ-ին անդամակցելու պայմաններն են` բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ: Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել մեր կառույցին: Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միակ պարտավորեցնող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը. մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:

Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք վճիռների եւ որոշումների պարտադիր բնույթը, պարտադրենք վճիռների կատարումը` ամրապնդելով այդ ուղղությամբ համագործակցությունը եւ ընդլայնելով մեր գործիքակազմը վճիռների չկատարման դեպքերում:

Գործընկերներ, ի՞նչ են անում ձեր պետությունները, երբ ձեր քաղաքացիները չեն կատարում ձեր ներպետական դատարանների վճիռները: Դուք հարկադրում եք, պատժամիջոցներ եք կիրառում, բայց մենք որպես Եվրոպայի խորհուրդ ի՞նչ ենք անում, երբ որեւէ անդամ պետություն խուսափում է ՄԻԵԴ վճիռների կատարումից: Մենք դա ընդունում ենք ի գիտություն եւ չենք ձեռնարկում անհրաժեշտ քայլեր:

Վերջին 10 տարիների ընթացքում ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վճիռների մոտ 80%-ը: Այս երկիրն առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում` չկատարված վճիռների քանակով: Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ավելանում է Ադրբեջանի կողմից չկատարվող որոշումների թիվը: Սա մարդու իրավունքների կատարյալ անտեսման դրսեւորում է:

Այս երկիրն անտեսում է ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ նաեւ այլ միջազգային դատարանների վճիռները: Օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար, չի կատարվել առ այսօր, եւ Ադրբեջանը շարունակում է փակել Լեռնային Ղարաբաղի` 120000 մարդու կյանքի ճանապարհը` դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղետ:

Հարգելիներս, մենք չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի, ես դա նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր նոր մեխանիզմների ներդրման կամ պատժամիջոցների կիրառման տեսքով, այդ թվում այն անդամ պետությունների անդամակցության կասեցմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում համապատասխանելու անդամակցության պայմաններին, այս համատեքստում` մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պայմանին:

Շնորհակալություն»: