Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելում սկանդալային օրինագիծն ընդունվեց. դատարաններին կարգելվի ստուգել կառավարության որոշումների հիմնավորվածությունը

Իսրայելում սկանդալային օրինագիծն ընդունվեց. դատարաններին կարգելվի ստուգել կառավարության որոշումների հիմնավորվածությունը
Միջազգային
21:40, 24 июль 2023
Շաբաթներ տևած բողոքի ցույցերից և զանգվածային հանրային բանավեճերից հետո, որոնք ցնցեցին Իսրայելը և պառակտեցին հասարակությունը, Կնեսետը (Իսրայելի խորհրդարանը) վերջնականապես հաստատել է օրենքը, որն արգելում է դատարաններին ստուգել կառավարության և նախարարների որոշումների հիմնավորվածությունը, հայտնում է The Times of Israel-ը:

Ընդդիմադիր պատգամավորները ի նշան բողոքի բոյկոտել են օրինագծի վերջնական քվեարկությունը, սակայն իշխող կոալիցիայի 64 ձայնը պարզվում է՝ բավարար էր օրենքը ընդունելու համար: Այն սահմանափակում է Գերագույն դատարանի իրավունքը՝ բեկանելու կառավարության (այն ձևավորվում է պատգամավորներից) կայացրած որոշումները։ Մյուս փոփոխությունները, որոնք չեն քվեարկվել երկուշաբթի օրը, նախատեսում են փոփոխել Գերագույն դատարանի դատավորների նշանակման ընթացակարգը։

Օրինագիծը քննադատողների կարծիքով՝ փոփոխությունները իշխանության չարաշահման հնարավորություններ են ստեղծում՝ հեռացնելով իշխանությանը վերահսկելու սակավաթիվ արդյունավետ մեխանիզմներից մեկը։ Ընդդիմությունը վստահ է, որ դատական բարեփոխումների օրենքները կհանգեցնեն անկախ դատական համակարգի վերացման և կխաթարեն ժողովրդավարության հիմքերը։

Նեթանյահուն և նրա աջակողմյան կոալիցիայի դաշնակիցները հայտարարում են, որ բարեփոխումներն անհրաժեշտ են՝ սահմանափակելու համար չընտրված դատավորների, նրանց կարծիքով, չափազանց մեծ լիազորությունները: Օրինագծի հակառակորդների ակցիաները չեն դադարում արդեն յոթերորդ ամիսը։