Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը ոչ թե վեկտոր փոխելն է, այլ՝ Արևմուտքի օգնությամբ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը

ՀՀ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը ոչ թե վեկտոր փոխելն է, այլ՝ Արևմուտքի օգնությամբ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը
Հարցազրույց
09:00, 02 май 2024
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը օրերս հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ Civic.am-ը զրուցել է հեռախոսազրույցի բովանդակության և Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության թեմաներով։

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բլինքենի հեռախոսազանգերի բովանդակությունը։ Ի՞նչ տարբերություններ կային երկու կողմերի հետ Բլինքենի ունեցած զրույցների միջև։
- Ես նմանությունն եմ նկատել, որ Ալմա-Աթային են հղում անում։ Այս իմաստով շատ բան չունեմ ասելու։

- Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունները և Ադրբեջանի ու Արևմուտքի հետ հարաբերությունները քննարկելիս շատերը պնդում են, որ Ադրբեջանը ավելի է հետաքրքրում Արևմուտքին, քան Հայաստանը, որովհետև Ադրբեջանն ավելի շատ բան ունի տալու Արևմուտքին, քան Հայաստանը։ Հայաստանը կարող է միայն իր դեմոկրատիան առաջարկել, բայց մենք գիտենք օրինակներ, որ Արևմուտքը շատ հաջող համագործակցում է նաև ոչ այնքան դեմոկրատական երկրների հետ։ Արդյոք մենք չե՞նք ֆետիշացնում դեմոկրատիան։

- Պետության շահը քարացած հասկացություն չէ, մաթեմատիկական բանաձևով չի որոշվում, որ նստես հաշվես։ Ամեն մեկը իր ձևով է պատկերացնում պետության շահը։ ԱՄՆ-ում տարբեր խմբեր տարբեր ձևով են պատկերացնում իրենց երկրի շահը։ Արևմուտքում ընկալումն այն է, որ  Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, որովհետև վերջինս դեմոկրատական երկիր էր, արդեն հաջողություններ էր գրանցում կոռուպցիայի դեմ պայքարում, իրավական պետություն դառնալու ճանապարհի վրա էր։ Այդ պատճառով այս պատերազմից հետո Արևմուտքի համար շատ կարևոր դարձավ դեմոկրատական արժեքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում։ Իհարկե, եթե հետ գնանք սառը պատերազմի ժամանակները, ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր էր, որ աշխարհում կոմունիստական կամ սոցիալիստական կառավարություններ չլինեն։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն   նույնիսկ դեմոկրատական ճանապարհով ընտրված կոմունիստական ղեկավարների դեմ ռազմական խունտաների միջոցով հեղաշրջումներ էր կազմակերպում ու տապալում դեմոկրատական կարգերը տարբեր երկրներում։ Որովհետև այն ժամանակ ԱՄՆ-ի համար շատ կարևոր էր, որ սոցիալիստական և կոմունիստական ռեժիմներ չլինեին, դեմոկրատիայի հարցը երկրորդական էր։ Բայց հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքը շատ մեծ նշանակություն, այո՛, տալիս է՝ ռեժիմը դեմոկրատակա՞ն է, թե՞ ոչ։ Դրա համար կարծում եմ, որ առանձնապես չափազանցված չէ այն պնդումը, թե Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արևմուտքի համար այսօր՝ հենց առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը հաջողացրել է, ավտորիտար երկրներով շրջապատված լինելով հանդերձ, դառնալ դեմոկրատական երկիր ու պահպանել դեմոկրատական կարգը։

- Բազմաթիվ զեկույցներում, նաև բազմաթիվ պաշտոնյաների շուրթերով հնչում է, որ Հայաստանը գտնվում է ավտորիտար երկրների թիրախում։ Արևմուտքը ինչպե՞ս է աջակցում և աջակցելու Հայաստանին այդ պայքարում՝ նրան ուժեղացնելո՞վ, թե՞ նաև այդ՝ ավտորիտար երկրներին ճնշելով։

- Երկու տարբերակով էլ աջակցում է Հայաստանին։ Օգնում է Հայաստանին, որ նա առնվազն չկորցնի իր դեմոկրատիան, նորից չընկնի ավտորիտարիզմի գիրկը ու նաև օգնում է ռազմական առումով։ Հիմա այս աջակցությունը արդյո՞ք կտանի նրան, որ Հայաստանը շատ ուժեղանա, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան թուլանան՝ չեմ կարող ասել։ Հայաստանը իր հարաբերությունները Արևմուտքի հետ կառուցելիս պետք է նկատի ունենա, որ հնարավորինս շատ աջակցություն ստանա։ Հետո, մնացած հարցերում էլ Հայաստանը պետք է փորձի այնպես անել, որ վնասները հնարավորինս քիչ լինեն։ Եթե Ադրբեջանի հետ ուղիղ խոսակցությունը կնպաստի նրան, որ Ադրբեջանը մեզ ավելի քիչ վնաս կկարողանա տալ, ապա պետք է այդ ուղով գնալ։ Ինձ թվում է՝ կառավարությունը դա էլ անում է։ Այնպես չէ, որ Արևմուտքը ինչ որոշեց, այդպես էլ լինելու է վերջնարդյունքում։ Հատկապես որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքը այնքան էլ պարզ չի։ Արևմուտքն ընդամենը կարող է տարբեր մեխանիզմներով աջակցել Հայաստանին։ 
- Այդ ճանապարհին մենք պարբերաբար բախվում ենք Ռուսաստանի հակազդեցությանը։ Մենք ի՞նչ քայլեր կարող ենք սպասել Մոսկվայից և արդյո՞ք չենք գերագնահատում նրա ուժը, որովհետև տեսնում ենք, որ անընդհատ փորձում են նույն մեթոդով աշխատել, նույն դեմքերն օգտագործել։ Թե՞ նրանք չերևացող, բայց շատ լավ աշխատանք են իրականացնում, իսկ մենք տեսնում ենք միայն այն, ինչ մակերեսին է։     
- Կարծում եմ՝ մենք մի քիչ գերագնահատում ենք Մոսկվայի կարողություններն ու ուժը։ Հիմա Մոսկվան այնպիսի վիճակում չէ, որ կարողանա Հայաստանին վնասել այնպես, որ իրեն էլ չվնասի, դրա համար տեսնում ենք, որ նրանք հայտարարություններից այն կողմ կոշտ գործողությունների չեն գնում, օրինակ՝ Լարսը փակել և այլն։ Այո՛, ճիշտ է, մի կողմից՝ Ռուսաստանը մեծ երկիր է և ունի կարողություններ մեզ վնասելու, բայց մյուս կողմից՝ հասկանում է, որ դա փոխադարձաբար ազդելու է նաև իր վրա։ Նաև Մոսկվան գնալով թուլանում է։ Տեսնում ենք, որ Արևմուտքը վերջերս բավականին մոբիլիզացրեց իր կարողությունները։ Իսկ բանավոր արձագանքները՝ ուղղված Հայաստանին, կարծում եմ՝ իներցիոն են։ Իրենք, կարծես, սովոր էին, որ Հայաստանն իրենց ենթակա պետություն է և  միջազգային հարթակներում իրենց դեմ ոչ որևէ բան ասել է, ոչ՝ արել, ու հիմա, երբ տեսնում են, որ Հայաստանն իրեն ուրիշ կերպ է պահում՝ վրդովվում են։ Բայց Հայաստանին լուրջ վնասող քայլեր դեռ չեն անում, իսկ անելու դեպքում դա իրենց էլ կվնասի։ 

- Պարոն Մանուկյան, տեսակետ կա, որ Հայաստանն էլ բավարարվում է միայն  հայտարարություններով և վեկտոր փոխելու ուղղությամբ ռեալ քայլերի չի գնում։

- Գործող իշխանության արտաքին քաղաքականության առաջնային անհրաժեշտությունը, ես հասկանում եմ, որ խաղաղության հասնելն է, ստիպելը Ադրբեջանին գնալ խաղաղության՝ առանց միջանցք տրամադրելու և առանց տարածքային կորուստների։ Այսինքն՝ Հայաստանի գործող կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը ոչ թե վեկտոր փոխելն է, այլ՝ խաղաղության հասնելը։ Այս ճանապարհին միայն   Արևմուտքն է Հայաստանին օգնում և օգնում է Հայաստանին նաև ռազմական առումով ուժեղացնելու ձևով, որպեսզի Ադրբեջանը չփորձի կրկին հարձակվել Հայաստանի վրա, և տարածաշրջանում նոր պատերազմ լինի։ Նաև՝ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրում, որ վերջինս չհարձակվի Հայաստանի վրա։ Արևմուտքի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն։ ԱՄՆ շատ նախագահներ, ներառյալ՝ Բարաք Օբաման, պարբերաբար նշել են, որ ինչքան աշխարհում շատ լինի խաղաղություն, այնքան Ամերիկայի շահերից է դա բխում, որովհետև Ամերիկան կպահպանի իր դոմինանտությունն այնպիսի աշխարհում, որտեղ խաղաղություն է տիրում։ Հիմա, այս տեսակետից, Հայաստանի որդեգրած քաղաքականությունը՝ ստիպել Ադրբեջանին  գնալ խաղաղության, իրականացվում է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհով։ Ես վստահ եմ, որ գործող իշխանությունը ազնիվ է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումներում, որովհետև ազնիվ է նաև Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում։ Այսինքն՝ մինչ այժմ եղած հայ-ռուսական խորը հարաբերությունները անվտանգային ոլորտում փոխարինվում են Արևմուտքի հետ անվտանգային ոլորտում խորը հարաբերությամբ։ Իսկ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, որում Հայաստանի անդամակցության սառեցումն արդեն իսկ կոնկրետ քայլ է։  Հուսով եմ, որ ինչ-որ պահի Հայաստանը դուրս է գալու այդ կառույցից:  

- Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ հնարավոր չէ Ադրբեջանի հետ սեպարատ գալ պայմանավորվածության ու խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի որ կա ռուս-ադրբեջանական դաշինք, ու հնարավոր չէ անտեսելով կամ չկատարելով նաև Ռուսաստանի պահանջները՝ Ադրբեջանի հետ առանձին խաղաղության հասնել։  

- Ինչքան ուզում է նրանք դաշնակիցներ լինեն, Ադրբեջանը ինքնուրույն խաղացող է ու միշտ ցույց է տվել դա, որ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Հայաստանի քաղաքականությունն է՝ ստիպել Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիր։ Կարող է լինել իրավիճակ, ես դա ամբողջությամբ տեսնում եմ, որ Հայաստանին հաջողվի ստիպել Ադրբեջանին գալ խաղաղության, և դա դուր չգա Ռուսաստանին, բայց ռուսները ոչինչ չկարողանան անել։ Մենք կարող ենք Ադրբեջանին երկարաժամկետ խաղաղություն պարտադրել Արևմուտքի միջոցով՝ հատկապես այն իրավիճակում, այն տենդենցներում, որում հիմա գտնվում է աշխարհը, երբ Ռուսաստանը թուլանում է, իսկ Արևմուտքն՝ ավելի մոբիլիզացվում։ Այդ պայմաններում այլևս նշանակություն չունի՝ Ադրբեջանը ՌԴ-ի հետ ինչքանով է դաշնակից։ Դու հանգիստ կարող ես Ադրբեջանին քո ուզածը պարտադրել, եթե Արևմուտքի հետ քո շահերը համընկնում են, ու իր հետ հաջող համագործակցում ես։ 

- Իսկ կա՞ ժամանակային սահմանափակում, որ Հայաստանը պետք է հասցնի այդ ընթացքում ստանալ այն, ինչ կարող է ստանալ։ Որովհետև հետո կարող է Արևմուտքին այլևս հետաքրքիր չլինել Հայաստանը, կամ Ադրբեջանի հետ համաձայնության գան և այլն։

- Կասկածներ կան, որ եթե Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահ, ապա դրանից հետո ԱՄՆ-ն կարող է ավելի իզոլյացիոնիստական (մեկուսացման) քաղաքականություն վարել։ Այդ պարագայում մեզ պետք կլիներ այս ամենին հասնել մինչև նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրություններ։ Ճիշտ է՝ այս կասկածի մեջ կա հիմնավոր էլեմենտ, բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդքան էլ միանշանակ չէ, թե Թրամփը ինչքանով կմեկուսացնի ԱՄՆ-ին, եթե դառնա նախագահ։ Ես կարծում եմ, որ այդքան ակտիվ ու Հայաստանի շահերին համընկնող քաղաքականություն Թրամփը չի վարի, ինչքան որ գործող դեմոկրատական նախագահն է վարում, բայց որ ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կգա ու ընդհանրապես չի հետաքրքրվի այս տարածաշրջանով՝ այդպես չէ։ Ժամկետների առումով, եթե ես էլ իշխանության փոխարեն լինեի, կձգտեի մինչև նոյեմբեր հասնել սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև ռազմավարական տեսանկյունից ինչ պայմանավորվածությունների որ հնարավոր է հասնել՝ հստակ ամրագրել, որպեսզի, եթե անգամ Թրամփը ընտրվի, այլևս չկարողանա հետ կանգնել ԱՄՆ ստանձնած պարտավորություններից։
 
 
Վովա Հակոբյան