Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում․ ՀՀ ԱԽ քարտուղար. «Ամերիկայի ձայն»

Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայնին» ասել է Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը, ըստ հայկական կողմի տեղեկատվության, քննարկվել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին՝ մասնավորապես, երկկողմ համագործակցության զարգացմանը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

Ամերիկյան կողմը հրապարակման պահին դեռևս տեղեկություն չի տրամադրել հանդիպման մասին: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հարցում է փոխանցել ամերիկյան կողմին՝ հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու խնդրանքով: Պատասխան ստանալու պարագայում հայկական ծառայությունն անմիջապես կհրապարակի այն:

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում, խոսելով Վաշինգտոն կատարած իր այցի մասին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այցը կրում է հիմնականում երկկողմանի բնույթ ու ընդգրկել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների լայն շրջանակ: Նրա խոսքով, առկա է լավ հնարավորություն այս հարաբերությունները խորացնելու ու նոր թեմաներ ընդգրկելու համար: «Ժողովրդավարությունն ու տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար: Անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք ու քննարկելու ենք մոտ օրերս՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել [հարաբերությունները]»:

Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին ՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում: «Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայամանգիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն է, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցը 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Գրիգորյանը: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Գրիգորյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները՝ այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը: «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»:

Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար: «Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»:

Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև և որին ներկա է միջազգային հանրությունը»: Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ, պնդում է Գրիգորյանը: «Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առոմով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում