Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում դեռևս գտնվող անձանց տեղափոխելու համար կտրամադրվեն ավտոբուսներ. Տիգրան Խաչատրյան

«Գորիսում և Վայքում ստեղծել ենք մեծ կետեր, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվածների տեղավորման հարցերի 24-ժամկա ռեժիմով աշխատանքներ են տանում»,- այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության հերթական նիստում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս պահին Հայաստանում օթևանով ապահովվել է մոտ 11.000 մարդ, և օթևանի խնդիրը լուծելուց հետո կանդրադառնան նրանց այլ կարիքներին:

«Մենք Ղարաբաղի մեր գործընկերներից տեղեկացված ենք, որ բավականին մեծ թվով մարդիկ սեփական տրանսպորտային միջոց չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում: Ունենք պայմանավորվածություն, որ այդ մարդկանց կաջակցենք համապատասխան ավտոբուսներ տրամադրելով: Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցությունը կապահովեն, բայց սպասում ենք, որ ճանապարհի ծանրաբեռնվածությունը փոքր-ինչ թեթևանա, որ կարողանանք այդ անձանց համար տեղափոխությունը կազմակերպել»,- ընդգծեց փոխվարչապետը: