Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը․ fip.am

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը․ fip.am
Հասարակություն
19:09, 19 июль 2021
Նախորդ շաբաթ՝ հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Սահմանադրական դատարանի «չեղած արձանագրումը»


Հուլիսի 13-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը Սահմանադրական դատարանում Yerevan.Today լրատվական կայքի լրագրողին տված ճեպազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք գրանցվել են զանգվածային ընտրակեղծիքներ և խախտումներ, հայտնել էր, որ ՍԴ-ում ընտրական վեճերի պրակտիկայում առաջին անգամ իրավասու մարմնի կողմից արձանագրվել է ընտրախախտման փաստը։

«Այս փուլում կարող ենք խոսել, որ առաջին անգամ Սահմանադրական դատարանում ընտրական վեճերի ընթացքում արձանագրվեց ընտրախախտման փաստը, այսինքն՝ ընդունվեց իրավասու մարմնի կողմից, որ ընտրախախտումներ տեղի են ունեցել»,- ասել էր Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ ընտրախախտման արձանագրումն էական ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման վրա։

Այս հայտարարությունը տարածել էին Yerevan.Today, Panorama.am, 168.am, Para TV, Zangezur.tv, 7or.am լրատվական կայքերը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սահմանադրական դատարանում ընթացող դատական պրոցեսը և հայտնաբերել, որ Սահմանադրական դատարանը որևէ արձանագրում չի արել․ խոսքը ԿԸՀ-ի մասին էր։

Հուլիսի 13-ի դրությամբ, երբ դատարանի դահլիճում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նման հայտարարություն էր արել, դատավարությունը դեռևս ընթացքի մեջ էր, և Բարձր դատարանը դատավարության ընթացքում որևէ որոշում չէր ընդունել և արձանագրումներ չէր արել։

Համաձայն Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ դատավորները (այդ ժամանակ) դեռևս դռնփակ ռեժիմով խորհրդակցում էին որոշում կայացնելու համար, իսկ ՍԴ մամլո քարտուղարությունից FIP․am-ին հայտնեցին, որ որևէ միջանկյալ որոշում կամ արձանագրություն չկա և համաձայն օրենսդրական կարգավորման՝ չէր էլ կարող լինել։ 

Պարզաբանումներ ստանալու համար FIP.am-ը կապ հաստատեց Ռոբերտ Հայրապետյանի հետ, որը նշեց, որ պնդման մեջ նշված ընտրախախտումներ արձանագրած «իրավասու մարմինը» ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Պետական պարտքի մասին

News.am լրատվականն «Ակամա պարտառուները. Հայաստանի պետական պարտքը 8 մլրդ դոլար է» վերնագրով տեսանյութում, անդրադառնալով պետական պարտքի մեծությանը, հայտարարել է, թե հետհեղափոխական իշխանությունները 40 տոկոսով ավելացրել են պետական պարտքը։

«Անկախ Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց ներդրումն են ունեցել պետական պարտքի մեծացման գործում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 3 տարվա ընթացքում շուրջ 40 տոկոսով ավելացրել է պետական պարտքի չափը»,- նշվում է ռեպորտաժում։

Նույն թեմայով Tert.am-ը հրապարակել էր ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի «Իրողությունը բացահայտող հարցեր օրվա իշխանական խմբակին» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը հիշեցրել էր, որ պետական պարտքը գերազանցում է 9 միլիարդ ԱՄՆ դոլարը և անցել է ՀՆԱ-ի 65 տոկոսը։

Իրականում այս տարվա հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար, մինչդեռ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ պետական պարտքի չափը 6 մլրդ 754 մլն դոլար էր։ Սա նշանակում է, որ թեև այս իշխանությունների օրոք պետական պարտքը ահռելի չափով աճել է, սակայն դա ոչ թե 40 տոկոս է, ինչպես նշում էր News.am-ի լրագրողը, այլ 31․3 տոկոս։

Ինչ վերաբերում է Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը, ապա նախորդ տարվա վերջի դրությամբ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 67․4 տոկոս։

Աղբյուր՝ fip.am