Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուգարքի մոտ գտնվող քարափշրման արտադրամասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ջարդիչ կայանը ապամոնտաժվել է. Արսեն Թորոսյան

Գուգարքի մոտ գտնվող քարափշրման արտադրամասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ջարդիչ կայանը ապամոնտաժվել է. Արսեն Թորոսյան
Հասարակություն
19:27, 11 октябрь 2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ դիմել էր վարչապետին Մ 6 միջպետական ճանապարհին գտնվող քարափշրման արտադրամասի աշխատանքի վերաբերյալ, որն արդեն մի քանի տարի է՝ ինչ իսկական «դժոխքի» էր վերածել Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի բնակիչների կյանքը, քանի որ այն գտնվում էր դրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և թե՛ ցերեկ, թե՛ գիշեր պարզապես անտանելի էր դարձնում այդ բնակավայրում ապրելը շատ ուժեղ աղմուկի և փոշու պատճառով:
 
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել եմ պատասխան, որ ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ջարդիչ կայանը ապամոնտաժվել է։
 
Հուսամ՝ երկար տարիներ տևած այս ծանր հարցը սրանով վերջնական լուծում է ստանում, ինչի համար շնորհակալ եմ տեսչական մարմնի և ՏԿԵՆ-ի իմ գործընկերներին, իսկ Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի մեր քաղաքացիներին (հատկապես երեխաներին) առողջություն և հանգիստ գիշերներ եմ մաղթում»,- գրել է նա։