Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես ՄԻՊ պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

Որպես ՄԻՊ պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ
Հասարակություն
12:23, 16 октябрь 2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.
 
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
 
Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում»: