Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2 բարեկամ թաղեցի Եռաբլուրում, 2-ի գլուխն էլ կտրած, դա ցեղասպանություն չի՞․ Յուրաքանչյուրս մեր կաշվի վրա զգացել ենք՝ ինչ է ցեղասպանությունը»․ ԼՂ-ից բռնի տեղահանված․ տեսանյութ․ Iravaban.net

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Էրիկ Առուշանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում՝ խոսելով շրջափակման մասին, նշեց, որ երեխաները կիսասոված են եղել և, որ դա մտածված է եղել Ադրբեջանի կողմից, որ կարողանան հայաթափել, տեղահանել, և դա նրանց մոտ ստացվել է։

«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին դեպքերը, դիրքերի վրա խփեցին, գյուղի երիտասարդները պետք է օգնության գնային։ Գյուղի ներքևում հավաքվում էին, որ գնային հասնեին, թե ինչ զենքով են խփել, բոլորին կոտորել են, շատ զոհ է եղել, եղել է, որ այրվել են, անճանաչելի են դարձել։ Ընտիր երիտասարդներ են զոհվել։ Մեր բարեկամն ասաց, որ գյուղապետն ասել է՝ տարհանում, ով ինչ ձև ուզում է, թող դուրս գա։ Գնացինք Ստեփանակերտ, երկու օր մնացինք այնտեղ։ Հետո գյուղապետի հետ ուրիշ մեքենայով հասել ենք գյուղի տակը, ասում էին, որ գյուղից վերև արդեն թուրքեր կան։ Տեսել ենք իրենց շարժը։ Մտել ենք իմ տուն, տեսել ենք իմ թաքստոցը ջարդված, փող կար մեջը, տեսա, որ դա չկա։ Անասուններին բաց էին թողել, արյան հետքեր կային, երևի թռչուն են մորթել։ Մի կերպ, ինչ որ կարողացել եմ վերցրել եմ։ Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսներ։ Անկազմակերպ վիճակ էր։ Մի զինվորական իր մեքենան տվեց, ասաց՝ երեխաներին տարեք։ 37 հոգի այդ մեքենայի մեջ դուրս ենք եկել»,-պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ երբ անցել են Հակարիի կամուրջը, ադրբեջանցիները ծաղրել են, հայհոյել։

Անդրադառնալով ադրբեջանցիների վերաինտեգրման առաջարկներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ոչ մի դեպքում չեն վերադառնա։

«Դա մաքուր ցեղասպանություն է եղել։ Ռուսն ինչո՞ւ չօգնեց, արտասահմանցին ինչո՞ւ չօգնեց։ Թող առանձնացնեին, կարգավիճակ տային, ապրեինք այնտեղ։ Տրակտորով եկեղեցիները, տները հողին էին հավասարեցնում, դրանից հետո ես կարո՞ղ եմ գնալ նրանց հետ ապրել։ Ամեն մարդու համար ծննդավայրը սրբավայր է։ Այնտեղ գերեզմաններ ունեինք, այնտեղ տուն ենք թողել, բայց մենք եկել ենք մայր Հայաստան։ Եվ շնորհակալ ենք, որ այս կերպ ընդունել են մեզ։ Երկու բարեկամ թաղեցի Եռաբլուրում, երկուսի գլուխն էլ կտրած։ Դա ցեղասպանություն չի՞։ Յուրաքանչյուրս մեր կաշվի վրա զգացել ենք՝ ինչ է ցեղասպանությունը»,-ասաց նա։

Պարոն Էրիկն ասում է, որ ադրբեջանցիները սետեմբերի 19-ին հրահրած ագրեսիայի ժամանակ արգելված զենքեր են օգտագործել։

Նա նշում է, որ իր ընտանիքն այս պահին պառակտված է և իրենք տան խնդիր ունեն և խնդրում, որ պետությունը տուն տա։