Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրանտ Դինքի ցանկություններից մեկն էր Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը, բայց դեռ այդ հանգրվանից հեռու ենք. «Ակօս»-ի խմբագիր

Հրանտ Դինքի ցանկություններից մեկն էր Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը, բայց դեռ այդ հանգրվանից հեռու ենք. «Ակօս»-ի խմբագիր
Հասարակություն
14:51, 17 январь 2024
2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում, «Ակօս» թերթի խմբագրության դիմաց, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից սպանվեց «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

Civic.am-ի հետ զրույցում «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ այս օրերին բավականին զբաղված են, որովհետև հունվարի 19-ին Հրանտ Դինքի մահվան տարելիցն է, և ոչ միայն այդ օրը, այլև հաջորդող և նախորդող օրերին Ստամբուլում տեղի են ունենում բազմաթիվ հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Դինքին և նրա գործունեությանը։

«Ամեն տարի հունվարի 19-ին, ցերեկը ժամը 3-ին, բազմահազար ժողովուրդ է հավաքվում այնտեղ, որտեղ նա սպանվել է, բայց ամբողջ շաբաթվա ընթացքում՝ թե նախորդ օրը և թե հաջորդ օրերին, տարբեր դահլիճներում բանախոսություններ, ասուլիսներ և այլ միջոցառումներ են կազմակերպվում, որոշ հեռուստաընկերություններ երկար հաղորդումներ են պատրաստում Հրանտի և նրա աշխատանքի, նպատակների, տեսլականի մասին. այդպես է անցնում ամեն տարի։ Ես նույնպես այս օրերին բազմաթիվ հարցազրույցներ եմ տալիս և խոսում Հրանտի գործունեության մասին»,- ասաց Բագրատ Էստուկյանը։
 
Քանի որ օրերս ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման, Բագրատ Էստուկյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչպիսի վիճակ է անցակետի թուրքական հատվածում, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ոչ մի արձագանք և ոչ մի լրատվություն չկա այդ մասին։

«Թուրքիան միշտ իր քաղաքական նախասիրություններն ունի։ Տակավին Ալիևը վերջերս հայտարարեց, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Հայաստանի հետ ոչ մի ուրիշ սահմանային անցակետ պիտի չլինի։ Նա սա ասաց Ադրբեջանի և Հայաստանի սահմանի համար, բայց կարծում եմ, որ կկարողանա ի զորու լինել նաև Թուրքիայի և Հայաստանի սահմանի համար։ Թուրքիայում ապրող հայ համայնքի համար անշուշտ շատ դրական նշանակություն ունի երկու երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բնականոնությունը, բայց եթե իրատես լինենք, դեռ այդ հանգրվանից հեռու ենք»,- ասաց Բագրատ Էստուկյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի հայամետ և դեմոկրատական քաղաքական շրջանակները միշտ քաջալերում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերը, բայց նրանց խոսքը մեծ նշանակություն չի ունենում։

«Ես զանազան տեղեր այդ մասին խոսում եմ, որ նաև Հրանտ Դինքի ցանկություններից մեկն էր Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը»,-  եզրափակեց Բագրատ Էստուկյանը։
 
Լիլիթ Թադևոսյան