Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում հերթական երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, զոհերի մեջ հայեր չկան. Էստուկյան

Թուրքիայում հերթական երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, զոհերի մեջ հայեր չկան. Էստուկյան
Հասարակություն
16:42, 21 февраль 2023
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո երեկ կրկին ցնցումներ են գրանցվել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում հերթական երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, մոտ 300 մարդ վիրավորվել է։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նրա խոսքով՝ կիսափլված շենքերն ամբողջությամբ հավասարեցվել են գետնին, բայց ազգությամբ հայերի մեջ այս անգամ զոհեր չկան։
Բագրատ Էստուկյանը հիշեցրեց, որ դեռևս փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժից մահացել էր 13 հայ, իսկ տուժած հայերը տեղացիներ են և մտադիր չեն տեղափոխվել Հայաստան։ 

Հարցին՝ Թուրքիայի կառավարությունն արդեն տեղավորե՞լ է երկրաշարժից տուժած՝ անտուն մնացած անձանց, թե՞ դեռևս վրաններում են ապրում, Էստուկյանն արձագանքեց. «Վրաններու մեջ ապաստան գտածները բախտավորներն են։ Ան, որ վրան մը ճարած է՝ բախտավոր է»։

«Ակօս» թերթի խմբագրի խոսքով՝ մեծ թվով մարդիկ կան, որոնք դեռևս ավտոմեքենաների մեջ են ապրում, քանի որ հանրակացարաններում բավարար տեղ չի եղել բոլորին տեղավորելու համար։ 

Նա նշեց նաև, որ մարդկանց տեղավորելու հարցում կառավարության որոշումները ժողովրդի համար ընդունելի չեն, օրինակ՝ կառավարությունը առաջ է բերել վրան-քաղաքներ ստեղծելու գաղափարը, որ իրար կողք կողքի վրաններ շարված լինեն, սակայն մարդիկ դա չեն ուզում։ 

Բագրատ Էստուկյանը ընդգծեց, որ աղետի գոտու բնակիչների ընդհանուր թիվը 13,5 մլն է, քաղաքներ կան, որոնց 80 տոկոս շինություններն ավերվել են, կան քաղաքներ՝ 30 տոկոսն է ավերված։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը խլել է մոտ 50.000 մարդու կյանք։

Նարա Մարտիրոսյան