Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ջերմուկ Գրուպը» հերքում է իր արտադրանքի մեջ քացախաթթվի առկայության հնարավորությունը

«Ջերմուկ Գրուպը» հերքում է իր արտադրանքի մեջ քացախաթթվի առկայության հնարավորությունը
Հասարակություն
18:45, 13 февраль 2024
«Роспотребнадзор»-ը հայտարարել էր Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին: Պատճառը «Ջերմուկ» ապրանքանիշի ջուրը խմած Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն էր, որը պաշտոնապես հաստատված չէ:

«Ջերմուկ Գրուպ»-ից հերքում են իրենց արտադրանքի մեջ քացախաթթվի առկայությունը, որից, իբր, կերակրափողի այրվածքներ է ստացել Վլադիկավկազի բնակիչը, ապա՝ մահացել։

Ընկերությունից նշում են, որ իրենց արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ ստանդարտներին։

««Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ «Ջերմուկ Գրուպ» ընկերության արտադրության մեջ օգտագործվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար»,- նշում են ընկերությունից։

«Ջերմուկ Գրուպը» մատնանշում է նաև հանգամանքը, որ  Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով, հետևաբար այնտեղ քացախաթթու չէր կարող հայտնվել։