Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1, 2008․ Գնդակահարվում են քաղաքացիներ, Երևանը վերածվում է մարտադաշտի. Հետահայաց, Civilnet.am

Մարտի 1, 2008․ Գնդակահարվում են քաղաքացիներ, Երևանը վերածվում է մարտադաշտի. Հետահայաց, Civilnet.am
Հասարակություն
10:32, 01 март 2021
Ոստիկանները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա

2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվում է ոստիկանության հարձակմամբ։ Վերջիններս հայտարարում են, թե տեղեկություն ունեն հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին։ Ոստիկանությունը հայտարարում է, թե օպերատիվ տեղեկություններ է ունեցել Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին։

«Տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Ոստիկանության աշխատակիցները, այդ նյութերն առգրավելու և իրավիճակը վտանգազերծելու նպատակով, ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Այս կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա: Ցուցարարները սկսեցին նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր և այլն: Իշխանությունը բռնությամբ տապալելու և իրավապահների արժանապատվությունը վիրավորող կոչեր էին հնչում: Օրինախախտների ագրեսիվությունը աճում էր: Օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իրավախախտները սկսեցին դիմադրություն ցույց տալ մահակներով, սուր ծակող-կտրող գործիքներով, մետաղյա ձողերով»,- հայտարարում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը։



Ոստիկանները Ազատության հրապարակում կիրառում են մահակներ, էլեկտրաշոկեր։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի՝ այդ պահին հրապարակում խաղաղ գիշերել են 4000 քաղաքացիներ։

«Չնայած մոտ 20 րոպե ցուցարարների՝ մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը, վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի և արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից և հիմնահատակ ավերել վրանային ավանը։ Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ»,- հերքելով ոստիկանության վարկածը՝ հայտարարում է Տեր-Պետրոսյանի շտաբը։


Տեր-Պետրոսյանը հանդարտության կոչ է անում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդարտության կոչ է անում, ապա ուժայինների կողմից հարկադրաբար հարթակից ներքև է իջեցվում։ Նա հրաժարվում է հեռանալ հրապարակից։ «…․ինձ իջեցրին հարթակից ու ինձ դուրս հրավիրեցին հրապարակից։ Իմ թիկնապահները եկան, ինձ շրջապատեցին, ես էլ ասացի, որ հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք։ Ես հրապարակից դուրս կգամ ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով՝ խնդրեմ, ասացի խնդրեմ՝ դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք սա համարում եք անօրինական հավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել»,- ավելի ուշ հրավիրած ասուլիսում պատմում է Տեր-Պետրոսյանը։

Նա ոստիկաններով շրջապատված հրապարակում նստած է մնում երկու ժամ, ապա նրա ձեռքերը ոլորելով՝ նստեցնում են մեքենա ու տանում իր առանձնատուն։ Տեր-Պետրոսյանին արգելում են այնտեղից դուրս գալ, բայց նաև չեն կալանավորում։ Ազատության հրապարակի վրանային ավանը տակնուվրա է արվում։

Ազատության հրապարակից քաղաքացիները շարժվում են քաղաքի տարբեր ուղղություններով, ոստիկանների կողմից հետապնդվում և ծեծվում։ Ծեծի են ենթարկվում նաև Ազատության հրապարակի մոտակայքում գտնվող այնպիսի մարդիկ, ովքեր հավաքների հետ որևէ կապ չունեին։ Ի վերջո, քաղաքացիները  հավաքվում են Մյասնիկյանի արձանի մոտ՝ Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատների մերձակայքում։

Այդ ընթացքում հեռուստատեսությամբ ցուցադրվում են իբր հայտնաբերված ռազմամթերքի, ձողերի կադրեր։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ սեփական աչքով տեսել է, թե ինչպես են ոստիկաններն այդ ձողերը տեղավորում հրապարակում։

Տեղեկություններ են ստացվում, որ քաղաքապետարանի հարևանությամբ ոստիկանությունը փորձում է կանխել նոր հավաքը։ Բռնությունները քաղաքացիների նկատմամբ շարունակվում են։

[video=]

Հետապնդվում, բերման են ենթարկվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները

Տարբեր քաղաքացիներ Երևանի փողոցներում փնտրում են իրենց հարազատներին։ Ոստիկանությունը շրջափակում է գործարար, պատգամավոր, Տեր-Պետրոսյանի աջակից Խաչատուր Սուքիասյանի բնակարանը։ Այնտեղ խուզարկություն է իրականացվում, որին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ մոտենում են Սուքիասյանի տանն ու այնտեղ ի աջակցություն գործարարի՝ հավաք անցկացնում։ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Նույն օրը պայթյուն է տեղի ունենում Սուքիասյանին պատկանող սրճարաններից մեկում։


Ոստիկանություն են բերման ենթարկվում Տեր-Պետրոսյանի շտաբի անդամներ Հրանտ Բագրատյանն ու Արամ Մանուկյանը։ Նրանք ավելի ուշ ազատ են արձակվում։ «Ժառանգությունը» կոչ է անում չընկրկել բիրտ ուժի առաջ։

Հանդարտության կոչով է հանդես գալիս Մայր Աթոռը։ Գարեգին Բ-ն կոչ է անում պահպանել զսպվածություն ու զերծ մնալ ընդհարումներից։ Գարեգին Բ-ն ավելի ուշ փորձում է այցելել Տեր-Պետրոսյանի բնակարան։ Առաջին նախագահը նրան չի ընդունում։ Իր առանձնատանը կազմակերպած ասուլիսի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ միջազգային հանրությունը չի հանդուրժի առավոտյան տեղի ունեցածը։ Նա կարծիք է հայտնում, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգը չի կարող անգամ տասն օր դիմանալ։

Ժողովուրդը հավաքվում է Մյասնիկյանի արձանի մոտ

Ավելի ուշ խոսակցություններ են սկսվում, որ հավաքը կարող է տեղափոխվել Մատենադարանին հարող տարածք։ Քաղաքացիների մոտ սա միանշանակ չի ընկալվում, նրանք պահանջում են, որ առաջին նախագահին հնարավորություն տրվի գալ Մյասնիկյանի արձանին հարող տարածք, որից հետո միայն կարող է որոշում կայացվել։ Նրանք այլ վայր չտեղափոխվելը պատճառաբանում են այն հանգամանքով, որ դեսպանատների հարևանությամբ իշխանությունները չեն համարձակվի դարձյալ գրոհ կազմակերպել։ Մյասնիկյանի արձանի մոտ մարդկանց թիվը գնալով մեծանում է, քաղաքի տարբեր տեղերից այստեղ են գալիս առավոտյան Ազատության հրապարակում ծեծված քաղաքացիները։ Պաշտպանվելու նպատակով նրանք տրոլեյբուսներով բարիկադներ են կառուցում։

[video=]

Հավաքի վայրին են մոտենում ոստիկանական նորանոր զորքեր և զրահամեքենաներ։ Տեր-Պետրոսյանի շտաբը հայտարարում է՝ առաջին նախագահը գտնվում է անօրինական կալանքի տակ, այնինչ միայն Տեր-Պետրոսյանն է ունակ հանդարտեցնելու հավաքվածներին։ Հայտարարությամբ Տեր-Պետրոսյանի շտաբը իշխանություններին մեղադրում է տեղեկատվական տեռոր կազմակերպելու մեջ։

Մյասնիկյանի արձանի հարևանությամբ են հավաքվում Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները, որոնց հետ մինչ այդ հնարավոր չէր կապ հաստատել կամ բերման ենթարկված էին։ Նրանցից Լևոն Զուրաբյանը հայտարարում է. «Ես հենց նոր հանդիպեցի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կանգնում ենք այստեղ, տեղից չենք շարժվում, մինչև չլինի իր հրահանգը, որը դուք կլսեք անձամբ իրենից»։

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում յուրաքանչյուր քայլ անել գիտակցված․ «Իշխանությունը նենգություն է գործել, զինված հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, և մենք հիմքեր ունենք պնդելու, որ այդ թշնամական գործողությունները կկրկնվեն։ Մեր խնդիրն է մտածել պաշտպանվելու մասին և այստեղ բերել մեր նախագահին»։

Տեր-Պետրոսյանը պատմում է իշխանությունների հետ իր բանակցությունների մասին

Առավոտյան բռնության ենթարկված, իսկ օրվա ընթացքում Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած որոշ քաղաքացիների ինքնազգացողությունն օրվա ընթացքում վատանում է։ Նրանք տեղափոխվում են հիվանդանոցներ։ Հավաքը այլ վայր տեղափոխելու շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում։ Ավելի ուշ խոսելով հանրահավաքը այլ վայրում անցկացնելու հնարավորության մասին՝ Տեր-Պետրոսյանը ներկայացնում է.

«Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդիկ պահանջում էին, որ ես գնայի այնտեղ։ Ես միակ մարդն էի, որ կարող էի վերահսկողության տակ առնել իրադրությունը։ Այդ պահին այնտեղ որևէ բռնարարք չէր եղել։ Ես դիմեցի այն մարդուն, որ ինձ գերի էր վերցրել՝ գեներալ Գրիշա Սարկիսովին, ասելով՝ զեկուցեք ձեր նախագահին, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը հետևյալն է՝ ես գնում եմ այնտեղ ու խոսում մարդկանց հետ։ Սկզբում նրանք շատ լրջորեն ընկալեցին այս առաջարկը։ Դրա էությունը հետևյալն էր՝ ես կխոսեի ժողովրդի հետ, կհանգստացնեի, սակայն ես չէի կարող «դատարկաձեռն» գնալ այնտեղ, ես պետք է ինչ-որ փոխհատուցում առաջարկեմ։ Առաջարկեցի խաղաղ երթ կազմակերպել դեպի Օպերա։ Ինձ ասացին, որ Օպերան բացառված է։ Ես առաջարկեցի հավաքն անցկացնել Մատենադարանի մոտ, այդ պահին արտակարգ իրավիճակի մասին խոսք անգամ չկար։ Սկզբում և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը կողմ էին այս տարբերակին, հետո նրանք առաջարկեցին գնալ «Դինամո» մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես չհամաձայնեցի՝ ասացի, որ դուք ուզում եք մարդկանց հեռացնել քաղաքի կենտրոնից, որ արտասահմանցիների աչքից հեռու այդ մարդկանց հետ ինչ ուզեք, անեք։ Ասացին՝ լավ, Մատենադարանի մասին էլի կմտածենք։ Հետագայում Քոչարյանի անունից փոխանցեցին, որ այդ տարբերակը բացառվում է։ Երրորդ անգամ ավելի կտրուկ էին՝ որևէ փոխզիջում լինել չի կարող։ Ես իմ առաջարկները նաև դեսպանների միջոցով էի փոխանցում, սկզբում նրանց հետ էլ կարծես մեղմ բանակցություններ էին վարում։ Ի վերջո, սակայն դեսպաններին իր մոտ է հրավիրել Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը ու ասել՝ որոշել ենք ցրել ցույցը, փոխզիջում չի լինելու»։