Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինված ուժերում 44 մահվան դեպք՝ պատերազմից հետո, որից միայն 9-ը՝ թշնամու գնդակից. «Մեդիա» կենտրոնում այս թեմայով տեղի ունեցավ քննարկում

Զինված ուժերում 44 մահվան դեպք՝ պատերազմից հետո, որից միայն 9-ը՝ թշնամու գնդակից. «Մեդիա» կենտրոնում այս թեմայով տեղի ունեցավ քննարկում
Հասարակություն
16:52, 06 сентябрь 2021
«Մեդիա» կենտրոնում մեկնարկել է քննարկում՝ «Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը շարունակվում են. պատճառները» թեմայով:
 
Պատերազմից հետո նախորդ ամիսների ընթացքում Զինված ուժերում արձանագրվել է մահվան 44 դեպք, որից միայն 9-ը՝ ադրբեջանական գնդակից։ Քննարկման բանախոս, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը նշում է, որ սա սարսափելի մեծ թիվ է և անպատժելիության հետևանք։
 
«Պատերազմից հետո 44 զոհ, որոնցից 9-ը հակառակորդի կամ թշնամու փամփուշտից են զոհված, մնացածը՝ անհասկանալի պայմաններում։ Իրականում պայմաններն այնքան հեշտ է պարզել, քանի որ դա մի մեծ քաղաքում տեղի ունեցած իրադարձություն չէ, այլ փոքր միջավայրում, որտեղ մարդիկ իրար կապված են, մարդիկ սահմանափակ թվով են, ունեն պատասխանատուներ, ունեն կանոնակարգեր և մատյաններ։ Հետևաբար սրա պատճառը պարզելը շատ հեշտ կարող է լինել»,- նշեց նա։
 
Տիկին Կարապետյանցի խոսքով՝ անպատժելիություն է տիրում իրավապահ մարմիններում՝ դատախազությունում և դատարաններում։ Մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ գործերը կոծկելու, ապացույցները վերացնելու, ապօրինի գործողություններ անելու համար։
 
«ՀՀ քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարելու ընթացքում սպանվում է, և որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք չունենք իրավապահ մարմիններ, քանի որ  ծնողն ինքն է նյութեր հավաքում իր զավակի մահվան վերաբերյալ։
 
Ըստ տիկին Կարապետյանցի՝  սա անընդհատ կրկնվող իրավիճակ է լինելու, քանի դեռ  մեդալներ բաժանելու, սպառնալիքների և անբովանդակ հայտարարությունների փոխարեն՝ խիզախություն չկա գնալու կոնկրետ քննությունների հետքերով և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։
 
«Սա անիշխանության նշան է, և դա այսօրվա խնդիրը չէ միայն։ Ես չեմ կապի սա միայն այսօրվա իշխանությունների հետ, ուղղակի այս իշխանությունները հնարավորություն ունեին դա փոխելու ու չարեցին։ Նախորդը հստակ գնում էր այդ ուղղությամբ, նա թքած ուներ այս ամենի վրա»,- նշեց իրավապաշտպանը։