Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե կա գիտական այլ տեսակետ՝պատրաստ ենք լսել, այլապես պետք չէ քաղաքից այդ ժամանակը խլել. Ավինյանը՝ թեղիների փոխարինման մասին

Եթե կա գիտական այլ տեսակետ՝պատրաստ ենք լսել, այլապես պետք չէ քաղաքից այդ ժամանակը խլել. Ավինյանը՝ թեղիների փոխարինման մասին
Հասարակություն
11:00, 08 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով «Կանաչապատում եւ շրջակամիջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-իտնօրեն Արմեն Բեգոյանին, հիշեցրեց, որ նախորդ շաբաթ էկտոակտիվիստների հետ հանդիպմանը ինքը նշել է, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը, և ակնկալում էին, որ գիտական շրջանակներից պետք է ստացվեն գրավոր հիմնավոր փաստաթուղթ, որը հարցականի տակ կդներ նախորդ 28 գիտնականների փաստաթուղթը:

Ի պատասխան Արմեն Բեգոյանն ասաց, որ որևէ գիտնական մինչ այս պահը որևէ հակափաստարկ չի ներկայացրել. «Ավելին, Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ, և հիմնականում բոլոր հռետորները խոսում էին, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն»:
Նրա խոսքով՝ այս խնդիրը 2000 թվականից կախված է Երևանի գլխին. «Այդ փոխարինումը կտևի 10-20 տարի՝հաշվի առնելով Երևանում թեղիների մեծ քանակությունը»:

«Եթե կա գիտական դեբատ՝անցկացնենք, գուցե կան ճշմարտություններ, որ բաց ենք թողել: Եթե մյուս կողնից գիտական մակարդակի բան չկա, մնացածը սիրողական մակարդակի խոսակցություն է: Եթե կա գիտական մեկ այլ տեսակետ, մենք պատրաստ ենք դա լսել, եթե չկա, ուղղակի պետք չէ քաղաքից ժամանակը խլել»,- նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ընթերցելով ավելի քան 24 գիտնականների եզրակացությունները: