Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը մինչև վերջին օրը չէր հաստատել երեկ վերադարձած 2 զինծառայողների գերի լինելու հանգամանքը, որոնք անհետ կորել էին Սև լճի հատվածից

Ադրբեջանը մինչև վերջին օրը չէր հաստատել երեկ վերադարձած 2 զինծառայողների գերի լինելու հանգամանքը, որոնք անհետ կորել էին Սև լճի հատվածից
Հասարակություն
11:57, 08 сентябрь 2021
Երեկ երեկոյան Բաքվից Երևան վերադարձան 2 ռազմագերիներ, որոնք դեռևս հուլիսի 14-ին անհետացել էին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ 

Նշենք, որ ՊՆ-ն դեպքի օրը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հուլիսի 14-ին, Սև լճի հատվածից անհետ կորել էին երկու զինծառայողներ, որոնք զինվորական ավտոմենքենայով էին եղել՝ Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը։ Ընդ որում՝ նրանք եղել էին առանց զենքի։ Սակայն Ադրբեջանը մինչև վերջ այդպես էլ չէր հաստատել զինծառայողների գերեվարված լինելու փաստը։

Ըստ ռուսական աղբյուրների՝ հայկական կողմը 2 ռազմագերիների դիմաց Ադրբեջանին է փոխանցել օրերս Արցախում հայտնված ադրբեջանցի զինծառայողին՝ Ջամիլ Բաբաևին, որը ներխուժել էր Մարտակերտի բնակարաններից մեկը և տևական ժամանակ մնացել այնտեղ բնակվող անչափահաս երեխաների հետ։ Նա քրեական հետապնդման է ենթարկվում Արցախում՝ լրտեսության մեղադրանքով։ 

Նշենք, որ մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զինծառայողները հատեցին ՀՀ պետական սահմանը և առաջացան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, հայկական կողմը, բացի զոհերից ու վիրավորներից, ուներ 4 անհետ կորած զինծառայող։ 

2-ը երեկ վերադարձան, մյուս 2-ի ճակատագիրն անհայտ է։ Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ մայիսի 18-ին, Վարդենիսի զորամասը լքել և անհետացել է Նարեկ Մկրտչյանը, իսկ օգոստոսի 22-ին՝ կրկին Սև լճի հատվածից անհետացել է սպա Արթուր Դավիդյանը։