Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների սնունդը գցել են հատակին, թքել սննդի մեջ և ստիպել են ուտել գետնից, այնուհետև գերիին սոված պահելով՝ սնունդը վերցրել են ու գցել աղբարկղը․ Արման Թաթոյան

Գերիների սնունդը գցել են հատակին, թքել սննդի մեջ և ստիպել են ուտել գետնից, այնուհետև գերիին սոված պահելով՝ սնունդը վերցրել են ու գցել աղբարկղը․ Արման Թաթոյան
Հասարակություն
12:08, 08 сентябрь 2021
Թե՛ գերեվարված քաղաքացիական անձինք, թե՛ ռազմագերիները տարբեր աղբյուրներից ստացված և ստուգված տեղեկություններով Ադրբեջանում ենթարկվել են համակարգային խոշտանգման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու շարունակեց․ «Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական տառապանք, ցավ պատճառելուն դիտավորյալ, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառելուն։ Նաև ըստ փաստերի պատժի են ենթարկվել ադրբեջանական այն զինծառայողները, բանտի աշխատողները կամ հատուկ ծառայության աշխատակիցները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց»։ 

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ ամենադաժան վերաբերմունքը գերիների նկատմամբ եղել է նոր գերեվարման ժամանակ և հատկապես հատուկ ծառայությունների կողմից․ «Խոշտանգումը հիմնված է եղել նաև էթնիկ պատկանելիության վրա՝ ծաղրելով հայ լինելը , ինչպես նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով։  Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ գերիները ջրից ու սնունդից զրկված են եղել և տրամադրել են միայն նվաստացումներից, կամ դաժան ծեծից հետո։ Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին, թքել սննդի մեջ և ստիպել են ուտել գետնից, այնուհետև գերիին սոված պահելով՝ սնունդը վերցրել են ու գցել աղբարկղը։ Եղել են դեպքեր, որ 10 վայրկյան են տվել սնվելու համար, իսկ հետո անկախ նրանից հասցրեց ուտի թե ոչ՝ վերցրել են սնունդը դիմացից ու գցել են աղբարկղը, կամ մեկ այլ դեպք էլ՝ թքել են սնունդի մեջ ու ստիպել են, որ ուտի»։ 

Արման Թաթոյանը նշեց նաև, որ Ադրբեջանում շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների անհրաժեշտությանը՝ ստիպել են տանել ցավը, շատ հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, կամ խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի։

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ թե՛ սնունդ տրամադրելու, թե՛ բժշկակական հետազոտությունների հետ կապված տանջանքներն արվել են, որ գերիներն աղաչեն բժշկական օգնություն կամ սնունդ, և դրանից հետո նոր տրամադրեն։  

Նշենք, որ ՄԻՊ արտահերթ հատուկ հրապարակային զեկույցը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը՝ հայ գերիներին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար 2020թ․ ԼՂ պատերազմի ընթացքում։