Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիները զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ մարդիկ հաճախ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով․ Արման Թաթոյան

Գերիները զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ մարդիկ հաճախ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով․ Արման Թաթոյան
Հասարակություն
12:43, 08 сентябрь 2021
Դեպքեր են եղել երբ ձմեռը՝ ցուրտ եղանակին գերիին ստիպել են քնել գետնին՝ ձեռքերը հետևից կապած վիճակում։ Դրանից հետո եղել են դեպքեր, որ բացել են պատուհանը, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի, և մերկ վիճակում պահելով սառը ջուր են շփել վրան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադառնալով ՀՀ ՄԻՊ հատուկ զեկույցին։ 

«Գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ այդ թվում զուգարանի թղթից և մարդիկ հաճախ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով։ Արման Թաթոյանն ընդգծեց նաև, որ հենց ադրբեջանցիներն իմացել են, որ այց է իրականացվելու Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների՝ խաղաղապահների կողմից՝ միանգամից սկսել են նորմալ վերաբերվել գերիներին, կամ առանձին գերիների՝ խմբերով տեղափոխել են նկուղային հարկեր, որպեսզի նրանց չնկատեն»,-նշեց Թաթոյանն ու հավելեց․ «Իսկ Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների հետ թույլատրել են խոսել նրանց՝ ում հետ դաժան չեն վերաբերվել»։ 

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ հատուկ դաժան են վերաբերվել՝ ցանկալի տեղեկություններ ստանալու նպատակով՝ օրինակ անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն հավաքելու, ընտանիքի անդամների հեռախոսահամարները, հասցեները իմանալու և այլն․ «Պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն լեզվով փաստաթղթեր։ Եղել են դեպքեր, երբ գերեվարված անձին ուշագնացությունից սթափեցնելուց հետո շարունակել են տանջանքները։ Զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելանում)  եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն և ինքը նռնակով պայթեցրել է այդ տունը և արդյունքում մահացել են 50 ադրբեջանցիներ և իբր թե երբ հարևանը մոտեցել է հարևանին էլ է սպանել։ Եղել են դեպքեր, երբ գերիներին ձեռնաշղթաներով կապել են տաքացուցիչներին՝ ենթարկելով բռնության։ Առանձնապես դաժան են վերաբերվել հատկապես այն զինվորականների հետ, ովքեր մասնակցել են ապրիլյան կամ արցախյան առաջին պատերազմին»։ 

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ 20-ամյա զինծառայող գերիներից մեկը, ով արդեն վերադարձել է՝ ստիպել են հագնել կանացի հագուստ՝ ծաղրելով նրան, հետո այդ ամենը ձայնագրել են ու ստիպել են ադրբեջանական իշխանություններին գովերգող բառեր ասել։