Քաղաքացիակենտրոն
լրատվություն

10 ամիս անց զոհված զինծառայողի օգտահաշիվն օգտագործվել է ադրբեջանցու կողմից՝ զոհվածի մորն ուղարկելով հաղորդագրություններ. Արցախի ՄԻՊ

«Գերեվարվածների նկատմամբ խոշտանգումները եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ անձն ընդամենը 3-4 ժամ է եղել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսքը վերաբերում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչին, ով հուլիսի 26-ին գերեվարվել էր. նա 4 ժամ է գտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ, բայց երբ ռուս խաղաղապահների միջոցով մեզ հաջողվել է հետ բերել նրան, պարզվել է, որ նրա նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ՝ մասնավորապես աջ ոտքի վնասվածք էր ստացել և գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում: Սա այն դեպքում, երբ այդ մարդն ուներ հոգեբանական խնդիրներ, այսինքն՝ հաշվի չի առնվել նրա կարգավիճակը»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ԼՂ 2020թ. պատերազմի ժամանակ և հետո Ադրբեջանի զինծառայողների կողմից շարունակաբար իրականացվող անմարդկային վերաբերմունքին։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ ադրբեջանցի զինծառայողները անգամ անհետ կորած հայ զինծառայողների նկատմամբ են անմարդկային վերաբերմունք ցուցաբերել. «Երբ պատերազմի ժամանակ մեր զինծառայողների հեռախոսները հայտնվել են ադրբեջանական զինվորների ձեռքին, նրանք պարբերաբար օգտագործել են, օրինակ, զինծառայողների օգտահաշիվները՝ նրանց հարազատներին ցավ պատճառելու համար։ Կան դեպքեր, երբ մինչև անգամ 10 ամիս անց զոհված զինծառայողի օգտահաշիվն օգտագործվել է ադրբեջանցու կողմից՝ անընդհատ մորը հաղորդագրություններ ուղարկելով։ Հավանություններ էին դրվում մոր լուսանկարներին՝ փորձ անելով հարազատներին պահել ծանր իրավիճակում։ Եվ երբ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց, որ զինծառայողը մահացել է, նոր մայրը փակեց տղայի օգտահաշիվը»։