Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհների կառավարման նոր համակարգ կներդրվի

Ճանապարհների կառավարման նոր համակարգ կներդրվի
Հասարակություն
16:43, 17 сентябрь 2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրայն քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ լրացումներ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:

Մասնավորապես ոլորտային բարեփոխումներ ապահովելու, 2022 թվականին նոր կնքվող և գործող  սպասարկման  պայմանագրերի շրջանակներում լրացուցիչ պահանջներ ներդնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝

  1. ներդնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Նշված ծրագիրը ներկայում ձեռք է բերել միջպետական և հանրապետական նշանակությունների ճանապարհների պահպանման պատասխանատուն:

Հաշվի առնելով, որ Ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թվականի ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում  է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023թ. հունվարի 1 -ից: Ընդ որում՝  ճանապարհների հսկողության համար նախատեսված բջջային հավելվածը ձեռք է բերվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման պատասխանատուի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի   նշված հավելվածը կիրառվելու է միայն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով գործելու է ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանի կիրառումը:

2. նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար, մասնավորապես սահմանվում է, որ գրեյդեր կամ ձյունամաքրիչ մեքենաները և կոմբինացված ճանապարհային մեքենաները պետք է կահավորված լինեն «կահավորված գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS)» բառերը փոխարինել «կահավորված ձյունամաքչիչ սարքավարմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS):

Ավելացվում է կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ  պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է  1 միավոր տեխնիկա: Բացի այդ՝ սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով սահմանվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում: Միաժամանակ նախագծով առաջարկվում է ժամանակ տրամադրել ճանապարհաշինության բնագավառի սպասարման ծառայություններին տրանսպորտային պարկը թարմացնելու համար,  ուստի նախատեսվում է, որ   սպասարկման աշխատանքներում ներգրավված  կոմբինացված ճանապարհային մեքենաների տարիքին առնչվող դրույթն ուժի մեջ է մտնում 2013 թ. հունվարի 1-ից:

3.հաշվի առնելով, որ ճանապարհների պահպանման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրել լրացուցիչ կահավորանքի միջոցներ, ուստի նախագծով սահմանվում է, որ կապալառու կազմակերպությունները պետք է պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրեն կահավորանքի լրացուցիչ միջոցներ, կատարեն գծանշում:

4.գործող իրավակարգավորման համաձայն՝ յուրաքանչյուր ճանապարհի պահպանումը, այդ թվում ճանապարհային կահավորանքի տեղադրումն իրականացնում է տվյալ ճանապարհը տնօրինողը: Թեպետ կարգավորումը բավականին հստակ է, սակայն գործնականում գլխավոր ճանապարհները երկրորդական ճանապարհների հետ հատումների վրա առաջանում են խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես՝ ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման ժամանակ, հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 շինարարական նորմի պահանջների համաձայն՝ գլխավոր ճանապարհների մուտքերը պետք է ունենան կոշտ ծածկ, հիմնանորոգվում են նաև գլխավոր ճանապարհների մուտքերի որոշ հատվածներ՝  տեղադրելով համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես  2.4 «Զիջեք ճանապարհ» ճանապարհային նշանը: Թեպետ հատումների վրա տեղադրված նշանների պահպանությունը հետագայում պետք է ապահովվեն երկրորդական ճանապարհների տնօրինողները, սակայն շատ են արձանագրվում  դեպքեր, երբ նշանները բացակայում են, ինչի հետևանքով վթարավտանգ իրավիճակներ են առաջանում գլխավոր ճանապարհների վրա: Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ հաշվի առնելով, որ հատումների վրա ճանապարհային նշանների բացակայությունն ուղղակիորեն ազդում է գլխավոր  ճանապարհների երթևեկության անվտանգության վրա, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները:
         
2.Նախագծով հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես՝

ա. Նախագծով հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում:

բ. Նախագծով առաջարկվում են խմբագրական բնույթի փոփոխություններ՝ Որոշման պահանջները պահպանման պայմանագրերի, գնումների օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Մասնավորապես՝ գնումների օրենսդրության համաձայն աշխատանքների կատարման արդյունքը ընդունում է գնումների պատասխանատու ստորաբաժանումը, ուստի կարգից հանվել են այն դրույթները համաձայն որի աշխատանքները ընդունում է ճանապարհների սպասարկման պատասխանատուն, որը իրականացնում է հսկողություն: Բացի այդ՝ կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ, կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին է վերապահվել  ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը, աշխատանքների դիմաց վճարումների կատարումը:

2022 թվականին վերը նշված  լրացուցիչ պահանջները ներդնելու և նշված պահանջներին համապատասխան ճանապարհների պահպանման մակարդակ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականին կնքվելիք ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերով, ինչպես նաև 2018-2019թթ. կնքված և ներկայում գործող պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ, միջինացումը պայմանավորված է նրանով, որ կախված ճանապարհի երթևեկելի մասի վիճակի ցուցանիշներից (փոսայնության տոկոս) պահպանման ծախսերը կարող են բարձրանալ կամ իջնել):  Իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար,  որի ընթացքում ՀՀ տարբեր տարածաշրջաններում տարբեր են բնակլիմայական պայմանները և միջինացումը կիրառելի չէ, առաջարկվում է  1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկել  տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված  արժեքների վրա կիրառելով  1.3 գործակիցը: