Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը կարևորել են ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերը

ՏԿԵ նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը կարևորել են ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերը
Միջազգային
11:02, 14 апрель 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ապրիլի 13-ին  ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով դեսպանին՝ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է նրա այցելությունը նախարարություն։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին ճանապարհային ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։ Կողմերը քննարկել են ճանապարհային ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալի կողմից ներկայացվել են ՀՀ ճանապարհային ցանցը‚ ոլորտում ՀՀ պետական բյուջեի‚ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերը։ Առանձնակի կարևորվել են ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերը‚ ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն համագործակցության շրջանակներում ճանապարհային ոլորտի մասնագետների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությանը մի շարք բնագավառներում‚ այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման համակարգի  զարգացման (նորմատիվ իրավական կարգավորումներ), ճանապարհային ակտիվների կառավարման, ճանապարհների պահպանման և շահագործման մեթոդների և պահանջների կիրառման և այլն։ Քրիստինե Ղալեչյանը կարևորել է նաև ճանապարհային ոլորտում նորարարական մեթոդների, տեխնիկական, ինժեներական  լուծումների օգտագործումը‚ ճանապարհային ոլորտի մասով տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը սեմինարների, ուսուցողական այցերի և այլ միջոցներով:

Դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին ընդգծել է‚ որ իրենք հետաքրքրված են նշված հարցերի վերաբերյալ աջակցություն ցուցաբերելու առնչությամբ։ Ըստ դեսպանի՝ պետք է կարողանալ գնահատել այս ոլորտում Հայաստանի կարիքներն ու աշխատել դրանց լուծման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա հանդիպումների ընթացքում նշված հարցերն առանձին-առանձին քննարկելու և դրանց ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։