Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նրանք ինտենսիվ պատրաստվում էին պատերազմի, իսկ մենք ինտենսիվ չէինք պատրաստվում». Հրանուշ Խառատյան

«Նրանք ինտենսիվ պատրաստվում էին պատերազմի, իսկ մենք ինտենսիվ չէինք պատրաստվում». Հրանուշ Խառատյան
Հասարակություն
15:39, 27 сентябрь 2021
Իհարկե, հնարավոր էր պատմության այնպիսի ընթացք ունենալ, որը չէր հանգեցնի վերջին պատերազմին: Ես կարծում եմ՝ դրա համար մինչև 2000-ական թվականները Հայաստանի համար կային ավելի բարենպաստ պայմաններ: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած «Չավարտվող պատերազմի մեկ տարին. հետևություններ արվա՞ծ են» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: 

«2000-ի առաջին տասնամյակում՝ համեմատաբար քիչ, իսկ վերջին տասնամյակում՝ և՛ Ապրիլյանը, և՛ վերջին պատերազմը, դրանք ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխությունների, թողտվության, խրախուսման արդյունք էին, ինչպես նաև մեր ներքին անպատրաստվածության, անխոհեմության հետևանք»,- նշեց նա: 

Արդյոք մեզանի՞ց էր միայն կախված այս պատերազմի չլինելը, տիկին Խառատյանը կարծում է՝ ոչ, իսկ արդյոք մենք կարո՞ղ էինք կանխել այն, ըստ նրա՝ կարող էինք. «Այո, քանի որ, կարծում եմ, մեր դիվանագիտությունը բավարար չափով չի աշխատել՝ մեզ համար ապահովելու ռազմավարական այնպիսի դաշտ, որի դեպքում Ադրբեջանը, Թուրքիան և, ես կասեի նաև, ՀՀ դաշնակից Ռուսաստանը կարող էին ռազմական գործողությունների չգնալ, որքան էլ որ նրանք պատրաստվում էին: Եվ նաև այն, որ նրանք ինտենսիվ պատրաստվում էին, իսկ մենք ինտենսիվ չէինք պատրաստվում»:   

 Քննարկման մյուս բանախոսը՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ հիշեցրեց, որ 2001 թվականի հունվարին ՀՀ դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է խոնարհել Բաքվի «Շահիդների» պուրակում, որը ՀՀ-ի և Արցախի դեմ զոհված ադրբեջանցիների հիշատակի կոթողն է: Նրա խոսքով՝ այստեղից էին սկսվում լրջագույն ազդակները, թե ինչ ուղղությամբ են գնալու տարածաշրջանում զարգացումները և, ընդհանրապես, նաև աշխարհաքաղաքական իմաստով:

«Հետո շրջանառության մեջ մտան արդեն ռուս-ադրբեջանական հարաբերության «ռազմավարական գործընկերություն» բնորոշումները, իսկ հետո միլիարդավոր դոլարների պայմանագրեր: Այս ամենը տեղի էր ունենում ոչ միայն Արցախյան խնդրի, այլև Արևմուտքի դեմ Ռուսաստանի որդեգրած լայն դիմակայության քաղաքականության համատեքստում, որը ժամանակի հետ խորանալու էր»,- ասաց պարոն Բադալյանը:

Նրա խոսքով՝  սա հանգեցնում էր ռուս-ադրբեջանական և հեռանկարում նաև՝ ռուս-թուրքական գործակցության խորացմանը,  և այս տեսանկյունից մեր քաղաքականությունը ամենևին համարժեք չէր դառնում այս փոփոխություններին, և հակառակը՝ որքան փոփոխությունները ծավալվել են, այնքան Հայաստանի վարած քաղաքականությունը դարձել է անհամարժեք և այս համատեքստում էլ պատերազմը՝ ավելի ու ավելի անխուսափելի: