Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա անհանգստություն չէ միայն, այլ մեծագույն սպառնալիք՝ մեր ազգային անվտանգությանը»․ Արման Բաբաջանյանը՝ անհասցե ԶԼՄ-ներով մեդիատեռորի մասին

«Սա անհանգստություն չէ միայն, այլ մեծագույն սպառնալիք՝ մեր ազգային անվտանգությանը»․ Արման Բաբաջանյանը՝ անհասցե ԶԼՄ-ներով մեդիատեռորի մասին
Քաղաքականություն
13:50, 04 май 2021
Վերջին տարիներին մեր լրատվական դաշտում տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող և անթույլատրելի է, բայց, կարծում եմ, նաև, որ մենք պիտի մեր ձևակերպումներում շատ որոշակի լինենք և մեդիա տեռորով զբաղվող մարդկանց լրագրող կոչելը, նույնիսկ, կարծում եմ, մեղք է։ Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում, ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթին, ով իր խոսքում նշել էր, որ մեդիա տեռորով զբաղվողները կոշտ արձագանքի կարժանանան, Բաբաջանյանն ասաց․ «Ես խիստ կասկածում եմ, որ դուք, ընդհանրապես, կոշտ արձագանքելու ընդունակ իշխանություն եք, քանի որ կարգավորումները, որոնք անհրաժեշտ էին առնվազն 2 տարում, նաև Ձեր ուղիղ հանձնաժողովի գործունեության և հանձնառության տիրույթում պիտի գտնվեր»։
  
Բաբաջանյանի խոսքով՝ այն տոտալ արձակումները, որոնք արդեն առընչվում էին  երկրի ազգային անվտանգությանը,  և նախորդել ու հաջորդել էին Արցախյան երկրորդ պատերազմին, հիբրիդային պատերազմի, ներքին թշնամու, արտաքին թշնամու հետ ուղղակի գործակցության մեջ մտած համատեղ հանցագործություն է՝ ուղղված մեր պետությանը, թիկունքը, բանակը թուլացնելուն։

«Սրա վերաբերյալ մենք էսպես շատ հաշտ ենք, եթե մինչև հիմա թույլ ենք տվել առանց խմբագրության, անհասցե, առանց հեռախոս ունեցող հայկական խմբագրությունների և լրատվամիջոցների գոյությունը մեզանում, որն, ինչպես Սերգեյ Բագրատյանն է գնահատում, անընդհատ անհանգստության մեջ է պահում մեր հանրությանը։ Բայց սա անհանգստություն չէ միայն, այլ մեծագույն սպառնալիք՝ մեր ազգային անվտանգությանը», - ասաց Բաբաջանյանը։ 

Ըստ նրա՝ միայն այսպիսի հայտարարություններով չէ, որ պետք է արձագանքել այս երևույթին, և ՀՀ քաղաքացին, ով այս իրավիճակի արդյուքնում չի կարողանում զանազանել՝ որն է ճշմարտությունը, որն է կեղծիքը, անպաշտպան է մնում․ «Այս դեպքում պետության և Ազգային Ժողովի պարտականությունն է պաշտպանության տակ առնել երկրի բոլոր քաղաքացիներին՝ հավասարապես»։