Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործով եղավ քաղաքական որոշում․ մի քանի պաշտոնյա պետք է հեռացվի. Արման Բաբաջանյան

Այն, ինչ եղավ Մարտի 1-ի գործով, ունի որոշակի քաղաքական նպատակ և առնվազն մի քանի պաշտոնյա արդեն պետք է պաշոնանկ արված լիներ: Այս մասին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասած ԱԺ պատգամավոր «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը: 
 
Ըստ նրա՝ պատահական չէր ընտրված ժամանակահատվածը և, որ դատական իշխանության, սահմանադրական դատարանի և  դատախազության գործողությունները ունեն շատ որոշակի քաղաքական նպատակ: 

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված չեն այս գործողությունները և դրանք մեծապես դիրքավորված են ընդդեմ ժողովրդի իշխանության, ընդդեմ այդ իշխանութունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի», -նշեց նա:

 «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ծրագրում է բողոքի ակցիաներ անել այս հարցի վերաբերյալ, սակայն Բաբաջանյանը կարծում է, որ դրանք առանձնակի որևէ օգուտ չեն տալու այս պահին, կոնկրետ այս գործով ընթացող զարգացումներին.

 «Բայց կարծում եմ, որ մեր ժողովուրդը հենց արտահերթ ընտրություններում՝ իր քվեով, պիտի պատասխանի տեղի ունեցածին և դատականա իշխանության այս վարքին: Եվ համոզված եմ, եթե մենք կարողանանք իսկապես նոր քաղաքական միջավայր ձևավորել, դատական իշխանությունը իրեն այլ կերպ կդրսևորի»:

Բաբաջանյանի խոսքով՝ սա իրականում պատասխան է թույլ, անօգնական իշխանությանը: Եթե իշխանությունը չլիներ այսքան թույլ և այսքան անկարող, դատական իշխանությունը իրեն  այսպես սանձարձակ չէր պահի և ոտնձգություն չէր ձեռնարկի՝ ընդդեմ Հայաստանում ժողովրդավարության և ընդդեմ ՀՀ պետականության:

Բաբաջանյանը, անդրադառնալով ՍԴ 3 թեկնածուներին, հիշեցրեց, որ ինքն ի սկզբանե դեմ է արտահայտվել այս թեկնածուներին՝ վկայակոչելով հստակ իրողություններ, որոնք, սակայն, հաշվի չեն առնվել գործող իշխանության կողմից. 

«Ըստ էության ՍԴ երեք նոր անդամները գործել են նույն  սցենարի շրջանակներում, որում կգործեին նախորդները, և այս փոփոխությունը որևէ բովանդակային և արժեբանական փոփոխություն չի բերել ՍԴ-ին, ավելին՝ այս որոշմամբ ՍԴ-ն կանգնել է ՍԴ կարգը տապալողի կողքին, և դրանով իսկ ՍԴ-ն ինքը տապալել է ՍԴ կարգը»,- նշեց պատգամավորը:

Ըստ Բաբաջանյանի ամենամեծ սպառնալիքը և՛ ներքին անվտանգությանը, և՛ ՍԴ անվտանգությանը, հենց ինքը՝ ՍԴ-ն է: