Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովը անարգել թույլ տվեց Մեղրիի հայհոյախառն ակցիան հեռարձակվի հանրային մուլտիպլեքսում․ Բաբաջանյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով Մեղրիում վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած հայտնի իրադարձություններին՝ նշեց, որ դա առանձին ուսումնասիրության հարց է, իսկ իրենք պետք է ավելի լայն սպեկտրի հարցեր ուսումնասիրեն․ «Այն հարցերը, որոնք վերաբերում են օրինակ Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որն անարգել թույլ տվեց, որպեսզի այդ հայհոյախառն ակցիան ուղղակի հեռարձակվի հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաալիքների միջոցով։ Ես հույս ունեմ, որ այս հարցն առնվազն հուզում է իշխանական պատգամավորներին։ Մենք միասին համահեղինակ ենք օրենսդրության, որով արդեն պիտի այդ հեռուստաընկերությունները հեռարձակելու դժվարություն ունենային»,-հավելեց նա։ 

Նիստի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել էր, որ  ներկայացնում է օրենքի մի նախագիծ, որով փորձում են վերացնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը։

Արման Բաբաջանյանն արձագանքելով Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությանը՝ այն համեմատեց հանրային զուգարանում դեզոդորով հոտը վերացնելու միջոցի հետ․ «Պրն Գաբրիելյան այս նախաձեռնությունը տպավորություն է ստեղծում, որ դուք մտել եք հանրային զուգարան և փորձում եք դեզոդորով  հոտերի դեմ պայքարել։ Այդ կեղտը հիմնարար է պետք լուծել, որվհետև հիմա չէ, որ պարզ է դարձել ինչ է թաքցվում Սյունիքում, ինչ հարստություն է թաքցվում և ովքեր են թաքցնողները՝ Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան՝ «Ջազվեի» աշխատակիցների միջոցով։ Իսկ ձեր իշխանության տարիներին Արթուր Վանեցյանը ներգրավվեց էդտեղ և շահառու դարձավ այդ հարստությանը, որ իրավմամբ պատկանում է մեր ժողովրդին»։

Պատգամավորը խոսելով վերջերս իր տված հարցազրույցներից՝ մեջբերեց, թե ասում են․ ««Բաբաջանյանը Քոչարյանին ասում է դավաճան»։ Բա դավաճանություն չէ՞, այսօր վկայաբերել, որ սահմանին իր պաշտոնավարման ժամանակ ամենաքիչ զոհերն են արձանագրվել, իհարկե, որովհետև Ձեր սպանությունները թիկունքում էին տեղի ունենում, քաղաքական հակառակորդներին թիկունքում էիք սպանում և այդպես էիք հաշվեհարդար տեսնում Ձեր քաղաքական ընդդիմախոսների հետ, և այդ բոլորը հնարավորություն էր ստեղծում, որպեսզի ձեր հարստությունն ավելի ընդլայնեք»։