Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճգնաժամը պետք լուծվի հանրային համերաշխությամբ, ոչ թե կառավարման համակարգի փոփոխմամբ»․ Տարոն Սիմոնյան

«Ճգնաժամը պետք լուծվի հանրային համերաշխությամբ, ոչ թե կառավարման համակարգի փոփոխմամբ»․ Տարոն Սիմոնյան
Հասարակություն
15:02, 05 март 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց այս տարվա հոկտեմբերին սահմանադրական հանրաքվեի անցկացման և կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին։

Անդրադառնալով թեմային՝ «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված քննարկման ընացքում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց․ «Կառավարման համակարգերի ցանկացած ձեւերի պայմաններում եթե անձինք չեն փոխվում կամ անձանց մտածողությունը չի փոխվում՝ կառավարման փիլիսոփայության տեսանկյունից՝ որևէ համակարգ չի կարող արդյունավետ աշխատել, դա այսօրվա քննարկելիք թեման չէ, որովհետեւ մեր առջև ծանրացած խնդիրները այլ են եւ այդ խնդիրներին արձագանքելու գործիքներն այլ պիտի լինեն»։ 

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական ճգնաժամը պետք լուծվի լուծումների կամ հանրային համերաշխության միջոցով, այլ ոչ թե կառավարման համակարգի փոփոխման միջոցով։ ․ «Խնդիրը նրա մեջ է, որ մենք անընդհատ պետական ապարատը չպիտի ստրեսների ենթարկենք, եթե մի բանը սկսում ես փոխել, բայց հետո զգում ես դա լավը չէ, բայց դա լավը չէ, որովհետև անձինք չեն կարողանում կազմակերպել իրենց քաղաքական իշխանությունը այդ համակարգում՝ մեղքը բարդում են համակարգի վրա»։

Կառավարման փորձագետ Սերոբ Անիտինյանի կարծիքով՝ վերջին 20-25 տարում  սահմանադրությունը եղել է իբրև քավության նոխազ եւ սահմանդրական փոփոխություններով փորձ են արել լուծել հիմնական խնդիրները թե' պետական կառավարման համակարգում, թե' քաղաքական համակարգում։ 

«Բնական է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն ժողովրդավարական ինստիտուների կայացմանը, քաղաքական ինստիտուտների կայացմանը։ Մենք պետք է փաստենք, որ ամբողջ խնդիրն այն է, որ կառավարման մոդելների ընտրությունը երբեք էլ միտված չեն եղել խորքային առումով լավ կառավարում ապահովելուն, ժողովրդավարական կառավարում ապահովելուն, որպես կանոն երկու հիմնական նպատակի են ծառայել՝ արտաքին եւ ներքին նպատակ», - ասաց նա։

Փորձագետի կարծիքով՝ Արտաքին նպատակը եղել է ժողովրդավարացման իմիտացիոն գործընթացները, իսկ ներքին նպատակը իշխանությունը ամրապնդելը եւ իշխանության մոնոպոլիան ապահովելուն, քաղաքական շահը գերակայել է կառավարման շահին։ «Մենք պետք է փաստենք որ մենք խնդիր ունենք ոչ թե սահմանադրության հետ, սահմանադրականության հետ։ Մենք խնդիր ուենք սահմանադրական մշակույթի հետ։ Մենք խնդիր ունենք քաղաքական ինստիտուների լիարժեք կայացման հետ, որոնք կաշխատեցնեին այն մեխանիզմները, որոնք դրված են սահմանադրության մեջ», - հավելեց նա։