Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ իրեն կամրջից ցած նետած 16-ամյա տղան դասերից հետո մաթեմատիկայի պարապմունքի պիտի գնար. նախօրեին տարեդարձն էր տոնել․ ՀԺ

Երեկ իրեն կամրջից ցած նետած 16-ամյա տղան դասերից հետո մաթեմատիկայի պարապմունքի պիտի գնար. նախօրեին տարեդարձն էր տոնել․ ՀԺ
Հասարակություն
14:49, 03 ноябрь 2021
Երեկ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած 16-ամյա տղան դպրոցական էր: Պիտի գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չի գնացել: Դասերն ավարտելուց հետո դպրոցից դուրս է եկել, որից ընդամենը ժամեր անց նրա մահվան լուրն է տարածվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ նշելով՝ ականատեսների վկայությամբ՝ տղան ինքն իրեն է նետել եւ եղել է միայնակ:

Ըստ Թադևոսյանի՝ 16-ամյա տղան Դավիթաշենում է ապրել: Նախօրեին էլ ծննդյան օրն է եղել:

«Ծնողների, հարազատների հետ տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել: Տղան նորմալ ընտանիքի երեխա է եղել, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Մահացածն ունի նաեւ իրենից փոքր մեկ եղբայր: Տղայի մոտ գրություն կամ հուշող որեւէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ եւս որեւէ կասկածելի բան չի հայտնաբերվել»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ իրավապահների հետ զրույցում ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետեւանք կարող էր լինել նման քայլը:

Վարդան Թադևոսյանը նաև հայտնեց, որ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով:

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:10-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Դավիթաշենի կամրջից մարդ է ընկել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ին, 2005 թվականին ծնված Երեւանի բնակիչն ինքնասպանություն է գործել՝ կամրջից ցած նետվելու միջոցով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: