Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաշվետու և թափանցիկ գործելակերպի բացակայության դեպքում իշխանության լեգիտիմությունը շատ արագ կվերանա»․ Արթուր Սաքունց

«Հաշվետու և թափանցիկ գործելակերպի բացակայության դեպքում իշխանության լեգիտիմությունը շատ արագ կվերանա»․ Արթուր Սաքունց
Հասարակություն
16:31, 04 ноябрь 2021
Մեդիա կենտրոնն առցանց քննարկում է մեկնարկել՝ «Իշխանությունը խոստանում էր թափանցիկ ու հաշվետվողական աշխատանք. ի՞նչ ունենք այսօր» թեմայով: Բանախոսներից  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այս թեմայով նշեց, որ հաշվետվողականnւթյունն ու թափանցիկությունը լավ կառավարման բաղադրիչներ են, որոնց առումով մեր երկրում առանձնապես առաջընթաց չկա։

«Չեմ ուզում ասել, որ ամբողջությամբ է վատ, քանի որ առանձին դրվագային պրոցեսներ գնում են, սակայն, երբ փորձում ենք ամբողջական գնահատել՝ բաղադրիչներով, թե որքանով է մեզ մոտ ավելի հաշվետու, պատասխանատու և թափանցիկ կառավարումը, տեսնում ենք, որ ակնկալիքները բավարարելուց բավականին հեռու ենք և որոշ առումներով նույնիսկ հետընթաց ենք արձանագրել», - նշեց տիկին Այվազյանը՝ հավելելով, որ սա նաև հեղափոխությունից հետո ձևավորված ակնկալիքների տապալումն է, քանի որ, ընդհանրապես, հեղափոխության նպատակը անպատասխանատու, թալանող, անբարտավան պաշտոնյաներից ազատվելն էր,  ընտրակեղծարարության, երկիրը սխալ զարգացման ուղով տանելու և վատ կառավարման դեմ էր։

Նրա խոսքով՝ հիմա դեռ կան այն բոլոր երևույթները, որի դեմ ժողովուրդը դուրս էր եկել պայքարի։

«Երևի այս պահի դրությամբ քիչ թե շատ ընտրակեղծարարությունն ու թալանն է, որ դեռևս  չի հասնում նախկինի մակարդակի, և ես հուսով եմ, որ չի հասնի, սակայն նույն անբարտավան պաշտոնյաների առումով, կարող եմ ասել, արդեն հասել ենք նախկինի մակարդակին և այդ առումով բավականին լուրջ է իրավիճակը», - նշեց նա։

Բանախոսներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր հերթին նշեց, որ հանրությանը հաշվետու լինելը կառավարման մեջ պարտադիր է և, ի պատասխան, իշխանությունների կողմից հաճախ հնչող այն արտահայտությանը, թե նրանք ունեն ժողովրդից ստացված լեգիտիմ մանդատ՝ վարվելու այնպես ինչպես վարվում են, Սաքունցը նշեց, որ լեգիտիմությունը դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ․ 

«Լեգիտիմությունը ամրապնդող և դրանից բխող տրամաբանական վարքագիծը հաշվետու և թափանցիկ գործելակերպն է, որի բացակայության պայմաններում այդ լեգիտիմությունը շատ արագ կվերանա», - նշեց Սաքունցը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ընտրությունները չեն կեղծվել, սակայն  դա ենթադրում է հաշվետու գործողություններ, հանրային կարծիքը, առաջարկությունները հաշվի առնել․ «Մենք մասնակցում ենք տարբեր քննարկումների, սակայն չենք տեսնում, որ այդ ընթացքում ներկայացված առաջարկություններն ու կարծիքները հաշվի են առնվում»։ 

Ըստ պարոն Սաքունցի՝ մտահոգությունը կայանում էր նրանում, որ հեղափոխության ակնկալիքներն առանձնապես իրկանանալի խնդիր չէին։ Այն ընդամենը տարրական պատասխանատվության և հաշվետվողականության ապահովման մասին պետք է լիներ, ինչը չեղավ։