Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրողների ուղղորդումների, վերահսկողության առյուծի բաժինն ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա․ Սոնա Այվազյան

Ընտրողների ուղղորդումների, վերահսկողության առյուծի բաժինն ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա․ Սոնա Այվազյան
Քաղաքականություն
12:49, 21 июнь 2021
«Ընդհանուր առմամբ քվեարկության օրվա ընտրական գործընթացը եղել է կազմակերպված, խաղաղ, սահուն կերպով, խաղաղ միջավայրում, առանց լայնածավալ կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում և այդ լարվածությունը որպես կանոն պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ, դա եղել է  համատարած ամբողջ մեր ընտրանքով մեկ և ենթադրաբար ամբողջ Հայաստանի տարածքներով։ Եվ ընտրախախտումների այդ ուղղորդումների, վերահսկողության, գաղտնիության, երբեմն կողմնակի անձանց առյուծի բաժինն ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա»,- այդ մասին այսօր «Ականատես դիտորդական առաքելություն 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քվեարկության օրվա ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ ասաց  «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանը։ 

Նա նշեց, որ իրենք մտածում էին՝ որքանով ճիշտ կլինի հայտարարեն կամ ներկայացնեն մի կուսակցության հետ կապված խնդիրները, բայց այդ խնդիրներն այնքան ծանրակշիռ են, որ մտածեցին, որ շատ թերի կլինի, եթե չներկայացնեն, թե ովքեր են եղել։

Նա նշեց, որ իրենք նկատել են մի շարք խնդիրներ՝ տարբեր տեղամասերում, տարբեր կուսակցությունների վստահված անձանց  ներգրավմամբ։

«Մասնավորապես, դիտարկել ենք, «Պատիվ ունեմի», ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Զարթոնքի», ՀԱԿ-ի ներկայացուցիչների առանձին դրվագներ, որ  նրանք որևէ կերպ ներգրավված են եղել  և խախտման մասնակից են եղել, սակայն մեծածավալ խախտումներ դրանք եկել են «Հայաստան» դաշինքնի կողմից»,- ասաց Սոնա Այվազյանը։