Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խախտումների, վերահսկողական գործողությունների արձանագրումներում ամենից շատ երևում է «Հայաստան» դաշինքի անվանումը՝ վստահված անձանց մակարդակով․ Լևոն Բարսեղյան

Խախտումների, վերահսկողական գործողությունների արձանագրումներում ամենից շատ երևում է «Հայաստան» դաշինքի անվանումը՝ վստահված անձանց մակարդակով․ Լևոն Բարսեղյան
Քաղաքականություն
13:45, 21 июнь 2021
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր «Ականատես դիտորդական առաքելություն 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ. քվեարկության օրվա ամփոփում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով իրենց դիտորդների կողմից արձանագրված խախտումները՝ ասաց, որ եղել են ապօրինի կերպով վերահսկվող ընտրությունների կամ քվեարկության դեպքեր, որոնք արտահայտվել են տարբեր դրսևորումներով։

«Դրանցից մեկը քաղաքացիների ուղղորդումն է՝ ամենատարբեր հնարքներով, որոնք նախկինում էլ են կիրառվել և մենք արձանագրել ենք նաև նախկինում, հիմա այդ ուղղորդումներն արձանագրվել են հետևյալ դրսևորումներով․ մեքենաներով մարդկանց տանել բերելու, մեքենայից իջնելու ժամանակ, գիտես չէ՞ ում ես քվեարկելու, անունն է նշվել, համարն է նշվել։ Ցուցակներով մարդիկ, որոնք պարբեարաբար, զուգահեռաբար հսկել են ով եկավ, ով գնաց, քվեարկության վերհսկողություն՝ քվեախցին շատ մոտ կանգնելով և դիտարկման հնարավորություն ունենալով։ Արձանագրվել է մի քանի դեպք, երբ քվեախցին մոտ են կանգնած եղել և տեսանելի է եղել, թե մարդն ինչպես է քվեարկում, հայտարարվող քվեարկություն՝ մարդը խցից դուրս գալուց նշան է տվել, հասկացրել է, որ ինքն այսպես է քվեարկել։ Ուղեկցումները դռան մոտից, դրսից ուղեկցելով մարդկանց տանել հասցնել ներս, ամբողջ այդ  շղթայով անցնելու ընթացքում՝ շարունակ ուղեկցել պատրոնաժի նման, որ մենք ստեղ ենք, մենք հսկում ենք»,- ասաց Լևոն Բարսեղյանը։ 

Նա նշեց,որ նաև պատռելու դրվագների հետ կապված հոգեբանական զանազան ճնշումներ են եղել, որոշ դեպքերում հանձնաժողովականները եղել են այդ համայքնների  ղեկավարների տեղակալ կամ պաշտոնյաներ, որոնք նույնիսկ հայտարարել են, որ  մեր գյուղացիներն են, բա չիմանանք ինչ են անում։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ սրանք այն դեպքերն են, որը հանրագումարում անվանում է ապօրինի կերպով վերահսկողություն, օրինական վերահսկողության մասին այստեղ խոսք լինել չի կարող և այս ամենի մեջ հատկանշական է հոգեբանական ճնշման հանգամանքը։ 
 
«Այս խախտումների կամ այս վերահսկողական գործողությունների  արձանագրումներում ամենից շատ երևում է «Հայաստան» դաշինքի անվանումը՝ վստահված անձանց մակարդակով, «Պատիվ ունեմը» կա, բայց ամենաշատ բաժինը «Հայաստան» դաշինքինն է, մի քանի դեպք կա «Բարգավաճ Հայաստանի» մասով, մեկ դեպք «Քաղաքացիական պայմանագրի» մասով»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Խոսելով նաև էլեկտրաէներգիայի անջատումների մասին, Լևոն Բարսեղյանն ասաց, որ ունեն արձանագրումներ՝ հոսանքազրկումների հետ կապված, որոնք հիմնականում տեղի են ունեցել քվեների հաշվարկի ընթացքում և տարբեր դիտորդներ արձանագրել են հոսանքազրկման տարբեր տևողություն՝ 5 րոպեից, 15-16 րոպե,  և արձանագրված է  նաև, որ դրանք չեն ազդել հաշվարկի որակի և ընթացքի վրա, անմիջապես միացվել են լապտերներ, հեռախոսային լույսեր և մոմեր, որոնց  ընթացքում շարունակվել է այդ աշխատանքը։