Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր վիրավոր աշխատակիցը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողն իմանալով, որ իրենք ջրագծի աշխատանքներ են կատարում, հանել է զենքն ու կրակել. «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրենը մանրամասնում է

Մեր վիրավոր աշխատակիցը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողն իմանալով, որ իրենք ջրագծի աշխատանքներ են կատարում, հանել է զենքն ու կրակել. «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրենը մանրամասնում է
Հասարակություն
13:55, 09 ноябрь 2021
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի զինծառայողներից մեկը, ներխուժելով հայկական տարածք՝ Արցախի Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, կրակել է Արցախի «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցների վրա, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը մահացել է, իսկ ևս երեք աշխատակից ստացել են հրազենային վիրավորումներ:

Civic.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը պատմեց, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ընկերության աշխատակիցները պարբերաբար ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ են իրականացնում այդ հատվածում.  «Պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները դիրքավորվել են, Շուշիի վերևի հատվածից՝ էլեկտրակայանի կողմից, «Ջրմուղ կոյուղին» մոտ 7 կմ ջրագիծ է կառուցել դեպի Ստեփանակերտ քաղաք, որպեսզի խաղաղապահների դիրքերին ջուր տանք, և այդ գծի վրա մեր տղերքը վթարավերացման աշխատանքներ էին կատարում: Մեր տարածքում աշխատանքներ կատարելիս անհրաժեշտություն չի լինում ռուս խաղաղապահներին տեղյակ պահելու, չնայած խաղաղապահները տեղյակ էին, որ այդտեղ ջրագծի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որովհետև տղերքը իրենցից 500 մետր հեռու էին աշխատում, և մեր աշխատողների կեսն էլ իրենց մոտ էին աշխատանքներ իրականացնում»:

Ի պատասխան հարցի՝ լուրեր են շրջանառվում, որ «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցների վրա կրակողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի անդամ է եղել, Գագիկ Պողոսյանն արձագանքեց. «Նմանատիպ խոսակցությունները շատ են, բայց կրակողը հենց մեր աշխատակիցների մոտ է եղել. մոտեցել-հարցրել է՝ ինչ եք անում այստեղ,  մեր տղերքն էլ պատասխանել են, որ ջրագծի վթարավերացման աշխատանքներ են կատարում, նա էլ միանգամից հանել է զենքն ու սկսել է կրակել: Այս մասին մեր վիրավոր աշխատակիցն է պատմել մեզ ու ասել է, որ զինվորական հագուստով է եղել կրակողը: Այդ հատվածում ադրբեջանական դիրքերը ճանապարհի ներքևում են, իսկ վերևն էլ Շուշի քաղաքն է, բայց չգիտենք՝ կրակողը դիրքի՞ց է եկել, թե՞ Շուշի քաղաքից է եկել հայկական տարածք»: 

«Ջրմուղ կոյուղու» տնօրենի խոսքով՝ աշխատակիցները գլուխները կախ աշխատելիս են եղել և չեն նկատել, թե Ադրբեջանի զինծառայողի հագուստով անձը որտեղից է եկել, հետո միանգամից նկատել են, որ մի մարդ կա իրեց մոտ, ու երբ սկսել է կրակել, արդեն վիրավոր վիճակում նստել են ավտոմեքենան ու իջել իրենց մյուս աշխատողների մոտ:  

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ վիրավոր աշխատակիցներից մեկի վիճակը ծանր է, մյուս երկուսինը գնահատվում է միջին ծանրության, երեքն էլ գտնվում են Արցախի «Հանրապետական» բժշկական կենտրոնում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ և 14-րդ կետերով (Սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, զուգորդված ահաբեկչությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ դեպքի նախորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջ հետ այցելել էր Արցախի գրավյալ Շուշի քաղաք՝ մասնակցելու մի շարք միջոցառումների, այդ թվում՝  Ադրբեջանի կողմից Արցախի  գրավյալ տարածքներով անցնող «Հաղթանակի ճանապարհի» բացմանը:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի զինծառայողի կողմից դիտավորությամբ Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակցի սպանությանը, ընդգծել էր. «Եվ մինչ Ալիևը օկուպացված Շուշիում է, ադրբեջանական կողմը հերթական անգամ քաղաքացիական անձանց վրա կրակ է բացում: Արցախում ունենք մեկ զոհ և երեք վիրավոր:

Սա է ադրբեջանական ու թուրքական կողմերի առաջարկած «խաղաղությունը», սրանք են նրանց ուղարկած «դրական ազդակները»... Այս ամենը տեղի է ունենում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական դիպուկահարի գնդակից ևս մեկ քաղաքացիական անձ էր սպանվել Արցախում՝ իր այգում աշխատելու ժամանակ: Այս քայլերով ադրբեջանական և թուրքական կողմերը ոչ միայն ցույց են տալիս, որ հստակ ծրագիր ունեն հայաթափելու Արցախը և բնաջնջելու արցախահայությանը, այլ նաև մարտահրավեր են նետում ռուսական խաղաղապահ առաքելությանը: Սա հստակ մշակված և համառորեն իրականացվող քաղաքականություն է, որը չտեսնելն ու դրան համարժեք չգործելը էլ ավելի նոր անվտանգային խնդիրներ է առաջ բերելու»:

Նարա Մարտիրոսյան