Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում վերջին 3 տարում կառավարության միջամտությամբ իրականացված աշխատանքները որոշ մարդիկ փորձում են վերագրել իրենց․ Արամ Խաչատրյան. Տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ցուցակը գլխավորող, գործող մարզպետ Արամ Խաչատրյանն է։

Թեկնածուն նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում քաղաքում աշխատանքներ իրականացվել են, բայց դրանք շատ քիչ են, և բազմաթիվ խնդիրներ կան կուտակված։

Արամ Խաչատրյանը նշեց, որ 2018-2021 թվականների ընթացքում ավելի քան 2,6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել՝ կառավարություն-համայնք համագործակցության շրջանակներում, և այդ ծրագրերը պետք է կրկնապատկել, եռապատկել, մինչև անգամ տասնապատկել։

«Այն աշխատանքները, որ իրականացվել են վերջին երեք տարվա ընթացքում, որոնք որոշ մարդիկ փորձում են վերագրել իրենց, իրականացվել են կառավարության անմիջական միջամտությամբ և վերահսկողությամբ»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Արամ Խաչատրյանը նշեց, որ Վանաձորում թիմակից համայնքապետ ունենալը կառավարությանը և համայնքին միայն օգուտ կտա, բայց իրենց քաղաքական թիմի համար, վարչապետի համար կապ չունի՝ տվյալ համայնքներում թեկնածուն որ թիմի ներկայացուցիչ է։ «Եթե ժողովուրդն ընտրի այս կամ այն կուսակցությանը, մենք ի գիտություն ենք ընդունելու։ Բայց այստեղ կոմունիկացիայի խնդիր կա։ Եթե քո թիմակիցն է ընտրվում, ցանկացած պահի հնարավոր է կապ հաստատել, ցանկացած ժամի գնալ և կառավարությունում ներկայացնել խնդիրները, և դրանք շատ արագ լուծում կստանան։ Մենք ունենք դեպքեր, երբ ծրագրեր ենք փորձել իրականացնել համայնքներում, բայց ինչ-որ համայնքապետեր խնդիրներ են առաջացրել։  Վստահ եմ, որ լինելով կենտրոնական իշխանության թիմակից՝ սա շատ մեծ օգուտ կտա Վանաձոր խոշորացված համայնքին»,- նշեց Խաչատրյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում