Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչը վարչական ռեսուրսի օգտագործում չէ․ ոչ Վանաձորում, ոչ Լոռու մարզում նման բան չի արվում հանրահավաքին մարդկանց թիվ ապահովելու համար․ մարզպետ

Կոչը վարչական ռեսուրսի օգտագործում չէ․ ոչ Վանաձորում, ոչ Լոռու մարզում նման բան չի արվում հանրահավաքին  մարդկանց թիվ ապահովելու համար․ մարզպետ
Հասարակություն
12:01, 01 март 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայրենակիցներին կոչ արեց մասնակցել այսօր՝ Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, իսկ ավելի ուշ ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ կանդրադառնա այն հարցին՝ ի վերջո բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե ոչ, եւ իրողություններն ի ցույց կդնի՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին:

Վարչապետի գրառումից հետո, երեկ՝ փետրվարի 28-ին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ևս հանդես եկավ հանրահավաքին մասնակցելու կոչով՝ լոռեցիներին մեկ անգամ ևս հիշեցնելով հանրահավաքի ժամն ու վայրը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ լոռեցիներ,
մարտի 1-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք և երթ: Մեծ սիրով սպասում ենք բոլորիդ մասնակցությանը՝ հանուն մեր երեխաների և պետության ապագայի»:

Լոռու մարզպետի կոչից ժամեր անց «Լուսավոր Հայաստյան» կուսակցության հիմնադիր անդամ և Վանաձորի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար․ «․․․ոչինչ չի հիշեցնու՞մ այս ամենը․․․ մարդիկ նաև սրա դեմ չէին պայքարու՞մ․․․ բայց ինչքան եք իրար արժանի․․․»,- գրել է նա։ 

Հաշվի առնելով, որ Քրիստ Մարուքյանի գրառման մեջ հստակեցված չէ, թե  հանրահավաքին մարդկանց թիվ ապահովելու համար ինչ վարչական ռեսուրս է կիրառվում՝ Civic.am-ը կապ հաստատեց Լոռու մարզպետ՝  Արամ Խաչատրյանի հետ։ 

«Ո՛չ Վանաձորում, ո՛չ Լոռու մարզում վարչական ռեսուրս չի օգտագործվում, թե «Լուսավոր Հայաստան» կուսկացության անդամ Քրիստ Մարուքյանն ու՞մ նկատի ունի՝ իրեն հարցրեք, ինքը չի նշել թե ով է օգտագործում վարչական ռեսուրսը։ Գաղտնիք չէ, որ ես հրապարակային կոչ եմ արել լոռեցիներին, որպեսզի գան մասնակցեն հանրահավաքին հանուն մեր ապագայի ու մեր պետականության, դա վարչական ռեսու՞րս է, թե՞ վարչական ռեսուրս չէ»,- ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր անդամ Քրիստ Մարուքյանի գրառումը։ 

Արամ Խաչատրյանի համոզմամբ՝ իր կոչը չի կարող բնութագրվել որպես վարչական ռեսուրս՝ հաշվի առնելով, որ կիրակի օրով է հայտարարությունն արվել․ «Ես առաջին հերթին որպես քաղաքացի, որպես ՔՊ կուսակցության Լոռու մարզի պատասխանատու եմ կոչ արել, և հայտարարությունը գրառել եմ իմ Ֆեյսբուքի էջում»,- շեշտեց մարզպետը։ 

Ինչ վերաբերում է Լոռու մարզպետարանի կողմից Քրիստ Մարուքյանի գրառման պաշտոնական պարզաբանմանը՝ Արամ Խաչատրյանն ասաց, որ առաջիկայում այն կհրապարակվի։ 

Հ․Գ․ Ի դեպ ոչ Լոռու մարզպետարանի կայքում, ոչ Ֆեյսբուքայն էջում չի գրառվել որևէ բառ լոռեցիներին այսօրվա հանրահավաքին հրավիրելու վերաբերյալ։

Նարա Մարտիրոսյան