Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ամանորյա ցուցահանդեսը

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ամանորյա ցուցահանդեսը
Հասարակություն
20:44, 24 декабрь 2021
Ամանորին ընդառաջ Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Այս անգամ զինվորները ներկայացան նոր` ամանորյա շարքով: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:





Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակ Հելեն Առաքելյանը ասաց, որ մեծ ցանկություն ուներ  տղաների կողքին լինել պատերազմից հետո, որովհետև այլ կերպ չէր կարող:

«Եթե ցանկությունը կա, հնարը գտնում ես:  Հնարը գտնվեց, հասկացա, որ կարող եմ իմ արվեստը բերել և ներկայացնել տղաներին, որովհետև, գիտեք, արվեստը բուժիչ հատկություն ունի, իսկ սա շատ մանրակրկիտ մատերով աշխատանք է, որը նյարդային համակարգը  հանգստացնող մեծ հատկություն ունի: Սկզբնական շրջանում սա հենց այս նպատակով է իրականացվել, արվեստի միջոցով հանգստացնել  և լինել իրենց կողքին: Ցուցահանդեսի մասին դեռ խոսք չկար, իսկ արդեն հետոն դարձավ ցուցահանդես: Ասեմ, որ ամեն ինչ շատ արագ ստացվեց  և մենք 2 ամիս անց կազմակերպեցինք առաջին ցուցահանդեսը: Երբ տղաները ուրախ են, իսկ այս արվեստը ուրախացնում է, ես արդեն երջանիկ եմ և այս արվեստի շնորհիվ մենք ստեղծեցինք մի մեծ ընտանիք: Այժմ արդեն իմ աշխարհները կիսվել են, ընտանիքս Ամերիկայում է, իսկ  այս մեծ ընտանիքս այստեղ է, շատ դժվար է թեկուզ ժամանակավոր բաժանումը»,-ասաց նա:

Հաշմանդամություն ունեցող զինծառայող Գևորգ Կարապետյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ներկայությունն իրենց համար կարևոր է: Գևորգի խոսքով, սկզբում այն հոգեբանական աշխատանք էր, որը հետագայում դարձավ աշխատանք:
«Հիմա արդեն ունենք մեր կազմակերպությունը ՝ «Գեղեցկություն զինվորներից», որը զբաղվում է թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելով և վաճառքով: Ասեմ, որ ամենասկզբից ես չէ պատկերացնում ինձ՝ լինելով սպա, թիթեռներով կոմպոզիցիա պատրաստելուց, բայց հետագայում արդեն սովորեցինք աշխատել, որը նաև բավականին  հանգստացնող է : Սա և´ արվեստ է, և´ աշխատանք , և նմանը չունի ո´չ Հայաստանում,  ինչու չէ, նաև ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Ծրագրի ղեկավար Սաթեն Միքաելյանն էլ ընդգծեց, որ «Գեղեցկություն զինվորներից»-ը  Զինվորի տան նախագծերից է և երկու հիմական  կարևոր խնդիր ունի՝ ապահովել վիրավոր զինվորներին հիմնական աշխատանքով,  որպեսզի նրանք ունենան կայուն եկամուտ և երկրորդը՝  քանի որ այս հասարակական կազմակերպությունը բարեգործական է  և շահույթ չի հետապնդում,  ամբողջ կոմպոզիցիաների վաճառքից ստացվող գումարը ուղղվում է վիրավոր զինվորների ամենատարբեր խնդիրների լուծմանը: