Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նորքի» ինֆեկցիոնի աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ գործը կուսումնասիրվի, հրապարակումներն ի գիտություն են ընդունվել. Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ

«Նորքի» ինֆեկցիոնի աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ գործը կուսումնասիրվի, հրապարակումներն ի գիտություն են ընդունվել. Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ
Հասարակություն
15:21, 10 январь 2022
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» Նորքի մասնաշենքի դիմաց այսօր՝ հունվարի 10-ին, աշխատակիցներից շատերը բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանց խոսքով՝ դեկտեմբերի 5-ին 80 աշխատակիցների Կենտրոնի իրավաբանը տեղեկացրել է, որ պետք է ազատվեն աշխատանքից, և որոշակի ժամանակ է տրվել նրանց՝ մինչև հունվարի 15-ը։ 

Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի խոսքով՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» միջազգային ստանդարտներին համապատասխան՝ հանրապետական նշանակության հիվանդանոց է վերակառուցելու, և հաստիքային նախապատրաստվող կրճատումները դրա հետևանքով են՝ Կենտրոնի «Բ» մասնաշենքն են ազատում, շինհրապարակ են տրամադրում։  Սակայն «Բ» մասնաշենքի ոչ բոլոր ազատված աշխատակիցներն են անգործ մնալու մինչև հիվանդանոցի վերակառուցումը. այլ բուժհաստատությունում ինֆեկցիոն բաժանմունք բացելու և ազատված աշխատակիցներին տեղավորելու քննարկումներ են ընթանում։ 

Աշխատակիցներից մի քանիսն էլ, բացի իրենց ազատման խնդրից, նաև մեկ այլ խնդիր բարձրաձայնեցին։ Նրանցից երկուսի խոսքով՝ դեռևս 2021թ. փետրվարին բուժաշխատողներին թղթեր են տվել ստորագրելու, որ իրենք կորոնավիրուսով հիվանդների չեն սպասարկում։ Օրերս իր ազատման դիմումի օրինակին ծանոթացած ընդունարանի բուժքույրերից մեկն էլ ասաց, որ իրենք առանց կարդալու են ստորագրել կորոնավիրուսով հիվանդներին չսպասարկելու վերաբերյալ փաստաթղթերը, հետո իմացել են, որ իրենք COVID-ով հիվանդներին սպասարկելու դիմաց գումար չեն ստանալու։  

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Գայանե Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատողներից որևէ մեկը իրենց չի դիմել աշխատանքից ազատման հարցով՝ խնդրին ծանոթացել են ԶԼՄ-ների հրապարակումներից: «Աշխատանքից ազատումների վերաբերյալ հրապարակումներն ընդունվել են ի գիտություն, գործը կուսումնասիրվի, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդներին չսպասարկելու վերաբերյալ փաստաթղթեր ստորագրելու բարձրաձայնումները, բայց լավ կլինի, որ հենց աշխատողները դիմում ներկայացնեն Տեսչական մարմին»,- ասաց Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետը։