Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ զանգը քիչ է, պետք է համազգային զանգ խփենք․ Արցախի թեմի առաջնորդն ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմին դիմակայելու համար համախմբման կոչ է անում

Իմ զանգը քիչ է, պետք է համազգային զանգ խփենք․ Արցախի թեմի առաջնորդն ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմին դիմակայելու համար համախմբման կոչ է անում
Հասարակություն
10:51, 09 февраль 2022
Արցախի օկուպացված հատվածում Ադրբեջանի կողմից ստեղծված, այսպես կոչված, աշխատանքային խումբը շարունակում է կրոնական ու մշակութային կոթողներից ջնջել հայկական արձանագրությունները։ Հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանը ջանում է քողարկել մոնիթորինգ անվան տակ։

Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց․ «Ստեղծվել է Ալբանիայի պատմությանն ու ճարտարապետությանը տիրապետող փորձագետների աշխատանքային խումբ, որոնք պետք է վերացնեն ալբանական կրոնական տաճարների վրայից հայերի կողմից արված կեղծ գրությունները»։

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզված է՝ հայկական պատմամշակութային կոթողների հանդեպ ադրբեջանցիների կողմից իրականացվող վանդալիզմի դեմ հնարավոր է պայքարել ազգովի։

«Սա մի գործընթաց է, որն Ադրբեջանը տասնամյակներ շարունակ անում է։ Ադրբեջանը մշտապես ցանկացել է տիրանալ այս տարածաշրջանին ու դուրս հանել հայկականն ու քրիստոնեականը ու դա միայն վիմական արձանագրությունները քանդելով չէ, որ անում է։ Անում է բոլոր ձևերով։ Միայն եկեղեցին չէ, որ պետք է պայքարի դրա դեմ․ այս գործընթացի դեմ համազգային պայքար պետք է մղվի՝ պետական մակարդակով, եկեղեցու բարձրագույն իշխանության մակարդակով, տեղեկատվական արշավներով, դիվանագիտական խողովակներով։ Իմ զանգը քիչ է, պետք է համազգային զանգ խփենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի մշակութային ժառանգության պահպանման հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը նույնպես ընդգծում է՝ պետական մակարդակով հայկական մշակութային ժառանգությունը սեփականացնելու գործընթացն Ադրբեջան տասնամյակներ առաջ է սկսել։

«Մտահոգիչ է այն, որ արդեն պետական մակարդակով ձևավորվում է հանձնախումբ, որի նպատակն է հայկական եկեղեցիներից բնաջնջել հայկական գրությունները՝ դրանք որպես աղվանական ներկայացնելու մտադրությամբ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Սերգեյ Շահվերդյանը։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վտանգված հայկական եկեղեցիների վիճակին ծանոթանալու հնարավորություն Արցախի մշակութային ժառանգության պահպանման հանրային խորհուրդը, բնականաբար, չունի։ Շահվերդյանն ասում է՝ մոնիթորինգ իրականացնում են բացառապես ադրբեջանցիների հրապարակած նյութերի հիման վրա։ Այդուհանդերձ, Արցախի մշակութային ժառանգության պահպանման հանրային խորհրդի նախագահը համոզմունք ունի՝ եթե պատկան մարմինները բոլոր ջանքերը ներդնեն, ապա Ադրբեջանի վանդալիզմի որոշ չափով կարելի է զսպել։

«Խնդիր է նաև այն, որ ստեղծված իրավիճակում ՀՀ և Արցախի պատկան մարմինները շատ պասիվ են․ պասիվ են արձագանքում, պասիվ են միջազգային համապատասխան կառույցների հետ աշխատանքում և այլն։ Նրանք գուցե և անում են բավականին աշխատանք, բայց հրապարակային հատվածում դրանք չեն երևում»,- դիմելով ՀՀ և Արցախի մշակույթի ոլորտների ղեկավարներին, արտգործնախարարություններին, այդ ոլորտում աշխատող միջազգային կառույցներին՝ Շահվերդյանը հորդորեց ավելի ակտիվ գործել։