Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական պատասխանատվություն կրող մարդիկ՝ սկսած զինվորից ու փրկարարից, պետք է ստանան բարձր աշխատավարձ. Փաշինյան. Տեսանյութ

«Հակակոռուպցիոն կոմիտեի համար մենք աշխատավարձերի այլ ստանդարտ սահմանեցինք, և այն ժամանակ էլ արդարացի բանավեճ կար, թե ինչքանով է հարմար, որ իրավական համակարգում տարբեր աշխատավարձեր լինեն: Այն ժամանակ մենք պարզ ասացինք մեր մոտիվացիան, որ մենք հիմա դա անում ենք, որպեսզի հետո ինչ-որ առումով ստիպված լինենք մնացած համակարգերում էլ աշխատավարձերը բարձրացնել՝ հասկանալով, որ դա հանրային հնչեղության առումով այնքան էլ ականջահաճո և ակնահաճո չէ»,- այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության հերթական նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ: 

Նրա խոսքով՝ արդեն շրջանառության մեջ է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերի բարձացման թեման. «Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է: Հասկանալի է, որ կան այլ գործոններ, հասկանալի է, որ նույնիսկ ցածր աշխատավարձի դեպքում բազմաթիվ պաշտոնյաներ կոռուպցիայի մեջ չեն ներքաշվում: Իրականում ճգնաժամ է նաև այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից, պատշաճ աշխատավարձ չեն ստանում: Մեզ համար քաղաքական նպատակ է, որ այդ մարդիկ ստանան բարձր աշխատավարձ»:

Մանրամասն՝ տեսանյութում: