Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք ավելացնում բյուջեն, այլ տեղի է ունենում բյուջեի վերաբաշխում, որը հիմնական աշխատավարձի բաղադրիչի բարձրացում է. Լևոն Հովհաննիսյանը՝ Իզաբելլա Աբգարյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու անդամների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ 

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, դիմելով նախագծի հեղինակ Լևոն Հովհաննիսյանին, ասաց, որ լիովին համաձայն է ներկայացված հիմնավորումների հետ՝  կապված ցածր աշխատավարձերի, մոտիվացման բացակայության, պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու խնդրի, լավ կադրերի արտահոսքի հետ, միևնույն ժամանակ այդ  նույն հիմնավորումները եղել են այս երեք տարիներին, ինչ իրենք ավագանու կազմում են, և հարց է առաջանում, թե այդ երեք տարում միայն նո՞ր հասկացան, որ լավ կադրերի խնդիր կա, և մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում, որով շատ դժվար է իրականում ընտանիք պահել։ 

Նա նշեց, որ ավագանու արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում աշխատավարձերի բարձրացման նախագիծ բերելու հրատապությունը այն ծանր վիճակում, որում հիմա գտնվում է հանրապետությունը, իր համար տարակուսելի է, երբ բոլորի հայացքն ուղղված է դեպի սահման։ 
«Կարո՞ղ է սեպտեմբերին վարչատարածքային փոփոխության միջոցով ավագանին լուծարելու ծրագիր կա և պետք է  այս հարցն էլ ընդունել, աշխատավարձն էլ բարձրացնել նոր  անել։ Ինձ հարց էին տալիս, որ կարող է՝ դա կապված է  նրա հետ, որ ձեզ ուզում են ցրել»,- հարցրեց Իզաբելլա Աբգարյանը։ 

Արձագանքելով՝ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ ինչ վերաբերում է ցրելուն, ապա դա չի մեկնաբանի, որովհետև այս նախագիծը դրա հետ կապված չէ, իսկ ասեկոսեներ չի ուզում մեկնաբանել։

«Դուք աշխատավարձի բարձրացում բառը մի քանի անգամ կրկնեցիք։ Ես մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ բյուջեի, համենայնդեպս, այն գումարների վրա, որոնք որպես աշխատանքի վարձատրում տրամադրվել են, այդ բոլոր միջոցների հանրագումարը չի փոխվելու։ Հետևաբար, այո,՛ հաշվի առնելով սահմանային վիճակը, հաշվի առնելով տնտեսական մնացած խնդիրները և այլն՝ մենք չենք ուռճացնում, չենք ավելացնում բյուջեն, պարզապես տեղի է ունենում բյուջեի վերաբաշխում, որը հիմնական աշխատավարձի բաղադրիչի բարձրացում է իրենից ներկայացնում»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը։