Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022-ի համար տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է լինելու, քան 2021թվականին էր. ԿԲ նախագահ

2022-ի համար տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է լինելու, քան 2021թվականին էր. ԿԲ նախագահ
Տնտեսություն
18:02, 14 декабрь 2021
«Մեր գնահատականների համաձայն՝ 2022թ. համար տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է լինելու, քան 2021թ.-ի համար էր։
Խնդիրները, որոնք եղել էին համաճարակի և 2020թ. ընթացքում պատերազմի հետ կապված, իրենց արտացոլումը գտել են 2021 թվականին։ Ես լիահույս եմ, որ մենք կունենանք կայունացում, այլ ոչ թե իրավիճակի վատացում՝ մեր չվճարված վարկերի և պարտավորությունների գծով»,- այսօր Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահը, անդրադառնալով գնաճին, նշեց, որ այս տարվա ընթացքում բանջարեղենի գինն աճել է  60 տոկոսից ավելի, եթե մյուս տարի երաշտ չլինի՝ գնաճային ցուցանիշները կնվազեն։

«Այս տարվա ԱՄՆ-ի գնաճը 6,8 տոկոս է՝ այն պարագայում, երբ իրենց թիրախը եղել է 2 տոկոս: Եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ում վերջին անգամ նման գնաճ եղել է 1982թ.։ Անալոգիայով, ոնց որ ՀՀ-ում մենք ունենայինք 15 տոկոս գնաճ»,- համեմատեց Մարտին Գալստյանը։  

Ինչ վերաբերում է գնաճի տեմպին ու աշխատավարձերի բարձրացման հաճախականությանը՝ ԿԲ նախագահը նշեց, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի աճի տեմպը մոտավորապես 10 տոկոս է, մինչդեռ պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերի աճը հետ է ընկնում. «Եվ հենց այս կոնտեքստում ենք կարևորում գնաճի կառավարման խնդիրը, որ կենսամակարդակի նվազում չունենանք։ Կան տնտեսության ճյուղեր, որտեղ նոմինալ աշխատավարձն ավելի բարձր է, քան գնաճի թիվը»: