Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022-ին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին․ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան

Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022-ին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին․ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան
Տնտեսություն
18:16, 02 ноябрь 2021
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը այսօր տված ասուլիսի ընթացքում նշեց, որ այսօր կայացած նիստի ընթացքում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 7,25 տոկոս։ Գալստյանը նշեց նաև, որ 2021 թվականի սեպտեմբեր ամսին արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,2 գնանկման դիմաց, որի պարագայում 12 ամսվա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8,9 տոկոս։ 12 ամսվա բնականոն գնաճը, ըստ Գալստյանի, ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ, պահպանվելով 8 տոկոս մակարդակի վրա։ 

Մարտին Գալստյանն ասաց, որ  ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են  կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին, հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղում ակնկալվող դանդաղմամբ։ Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը՝ արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազման միջոցով։

«Այս պարագայում, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը։ Միևնույն ժամանակ, հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ», - ասաց Մարտին Գալստյանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելով կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ տասներկու ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022-ին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ։