Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ գնաճը 9.1 տոկոս է. Համոզված ենք, որ մյուս տարի կվերադառնանք մեր 4 տոկոս թիրախին. ԿԲ նախագահը՝ Գևորգ Պապոյանին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ եզրակացությունը 2022թ. ՀՀ պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցն առնչվում էր գնաճին. «Այս պահին ինչպիսի՞ կանխատեսումներ ունենք»:

Պատասխանելով հարցին՝ ԿԲ նախագահը ասաց. «Մենք ունենք մանդատ այնպես անելու, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի այս երկրում, և այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը»:

Վերջինիս խոսքով՝ ունենք բարձր պահանջարկ և չունենք համապատասխան առաջարկ, ինչն իր էությամբ գնաճային է. «Երկրորդ կոմպոնենտը, որը բերում է գնաճի, պարենի միջազգային գներն են. բեռնափոխադրումների ինդեքսը 4-5 անգամ աճել է: Միևնույն ժամանակ որոշ երկրներում վատ բերք է եղել, ինչն ազդել է ցորենի, շաքարավազի, ձեթի գների վրա»:

«Հայաստանում 2020թ. տարվանից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մենք տեսանք, որ մարդիկ սկսեցին այդ խնայողությունները ծախսել, ինչը հավելյալ պահանջարկ ստեղծեց: Եվ արդյունքում այս պահի դրությամբ մեր գնաճը 9.1 տոկոս է: ՀՀ ԿԲ-ն առաջինն էր երևի տարածաշրջանում, որ անցյալ տարվա դեկտեմբերին սկսեց տոկոսադրույք բարձրացնել»,- ասաց ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին, Մարտին Գալստյանը նշեց, որ տարվա վերջին կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը. «Բայց համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, և նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարի կվերադառնանք մեր 4 տոկոս թիրախին»: