Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ 2022թ. պետբյուջեի նախագիծը բավական հավակնոտ է. Կնվազի ՀՀ պետական պարտքի բեռը. ԿԲ նախագահ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ եզրակացությունը 2022թ. ՀՀ պետբյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

«Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանի 2022թ. պետբյուջեի նախագիծը բավականին հավակնոտ է և կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,- նկատեց ԿԲ նախագահը և հավելեց, որ նախատեսվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ:

Նրա խոսքով՝ տնտեսական այդ աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված միջոցառումները:

«2022 թվականին ակնկալվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը էական՝ 0.9 տոկոսային կետ աճ կունենա, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: Մյուս կողմից՝ 2022թ. պետական ծախսային քաղաքականությունը ուղղված կլինի աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետության կառավարումը, միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,- ասաց Մարտին Գալստյանը և հավելեց, որ իրենք կարևորում են պետական ներդրումների ծրագրված ցուցանիշների կատարողականի ապահովումը և արդյունավետության բարձրացումը:

«Այսպիսով 2022 թվականին նախանշվում է պետական բյուջեի պակասուրդի կրճատում ՀՆԱ-ի 1.6 տոկոսային կետով, և մեր գնահատականների համաձայն՝ այն կկազմի 3.1 տոկոս, և կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ 0.7 տոկոսային կետով, որը կկազմի 60.2 տոկոս»,- նկատեց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով ռիսկերին՝ նա նկատեց, որ 2022թ. բյուջեի նախագծով նախանշվում է սահուն կոնսոլիդացիաների իրականացում՝ շեշտադրելով կապիտալ ծախսերի ավելացման միջոցով երկարաժամկետ տնտեսական աճի և մասնավոր ներդրումների խթանման համար կայուն հիմքերի ձևավորումը. «Սահուն կոնսոլիդացիայի վարքագիծը և սահմանված հարկաբյուջետային կանոնների պահպանումը կնպաստեն ՀՀ պետական պարտքի բեռի նվազեցմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը»: