Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ․ Ներսես Երիցյան

2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ․ Ներսես Երիցյան
Տնտեսություն
13:42, 25 октябрь 2021
«ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակներում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվում է բյուջեի ծրագրի միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության ու դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճի նպաստելու վերաբերյալ գնահատականների ներկայացմամբ»,- ներկայացնելով ՀՀ Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը՝ ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան։

Նա նշեց, որ 2022 թվականի պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է և Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական ավելացում։ 

«Տնտեսության ներուժի ավելացման ուղղված  ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նպատակադրված տնտեսական թիրախների ներքո և սպասվող արտաքին տնտեսական բարենպաստ զարգացման պայմաններում 2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս  ցուցանիշ։ Հարկ է նշել, որ 2022 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և  մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև տնտեսության արտահանելի հատվածների խթանմանն ուղղված միջոցառումներն են ներառված, որոնք կնպաստեն երկրի մրցունակության  և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը։ Ընդ որում վերջինս ևս մեծապես կախված կլինի ՀՀ կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների ծրագրված համամասնությունների ապահովումից, ինչպես նաև արտաքին աշխարհում սպասվող դրական զարգացումների ընթացքից»,-ասաց Ներսես Երիցյանը։ 

Նրա խոսքով՝ 2022 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը, պայմանավորված թե՛ ներքին, և թե՛ արտաքին պահանջարկի աճերով, ընդ որում, ի տարբերություն 2021 թվականի ներքին պահանջարկի, աճը դիտարկող ժամանակահատվածում պայմանավորված կլինի  կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով։