Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022-ը լինելու է հարկաբյուջետային կանոնների վերականգնման կամ դրանց վերադարձի տարի․ Տիգրան Խաչատրյան

«Մենք առաջին անգամ 2022 թվականի համար պետք է սահմանենք բյուջե, որն ամբողջությամբ կառուցված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի վրա»,- «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ երկրորդ կարևոր հարցն այն է, որ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության կարևորագույն նպատակ առաջին հարթակում դրված է նաև մակրոտնտեսական կայուն միջավայրի և բարձր տնտեսական աճ ապահովելու անհրաժեշտ միջավայր ստեղծելու հարցը։

Նա նշեց, որ համապատասխանաբար 2022-ը լինելու է հարկաբյուջետային կանոնների վերականգնման կամ դրանց վերադարձի տարի։

«Պետական պարտքի կառավարումը պետք է  լինի այնպիսի մոտեցումներով, որոնք անվտանգ են մակրտոնտեսական տեսանկյունից և մյուս առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ կապիտալ ծախսերը այս տարվա համար նախատեսված են աննախադեպ բարձր չափերով։ Մենք գիտենք, որ 2020 թվականը, կապված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք համախառն ներքին արդյունքի նկատմամբ 63,5 տոկոս կազմող պետական պարտք։

Այդ հանգամանքը, օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում Կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որոնք երաշխավորում են պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմաններում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ հաջորդը հարկային եկամուտների ավելացման ծրագրային պահանջն է, Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026 թվականը պետք է հարկային եկամուտները հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին, իսկ դա եթե համեմատում են 2021 թվականի համար սպասվող 22,5 տոկոս չափին, նշանակում է, որ յուրաքանչյուր տարի պետք է հարկային եկամուտների բարելավում ունենանք։