Քաղաքացիակենտրոն
լրատվություն

200 մլրդ դրամի ծախսեր են կատարվել՝ կապված ռազմական գործողությունների և համավարակի հետ. Ջանջուղազյան

200 մլրդ դրամի ծախսեր են կատարվել՝ կապված ռազմական գործողությունների և համավարակի հետ. Ջանջուղազյան
Քաղաքականություն
18:05, 30 июнь 2021
Այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվությունը:

Ինչպես հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, տրամաբանական էր, որ տարվա ընթացքում կառավարության ծրագրային առաջնահերթություններին ավելացավ նաև համավարակի և պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անհրաժեշտությունը. «Ակնհայտ էր, որ բնականոն իրավիճակի համար նախագծված հարկաբյուջետային քաղաքականությունը առնվազն դժվարությամբ կարող էր համարժեքորեն արձագանքել փոփոխված իրավիճակին»:

Ջանջուղազյանի խոսքով՝ 2020-ը եղել է բացառիկ տարի. «Մենք իրականացրել ենք խթանող կամ ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն: Մոտավորապես 215 մլրդ դրամի չափով հակաճգնաժամային բյուջե է նախանշվել»:

Նա նշեց, որ հիմնական քննարկման առարկա է դառնում միայն պետպարտքին վերաբերող մասը. «Ճգնաժամերի ժամանակ կառավարություններից սպասումներն ունեն որոշակի գին, և այդ գինը պարտքի մակարդակի փոփոխությունն է»:

«Շուրջ 124 մլրդ դրամի ծախսեր են իրականացվել կապված ռազմական գործողությունների հետ և շուրջ 75 մլրդ դրամ՝  կապված համավարակի հետ, այսինքն՝  200 մլրդ դրամի ծախսեր են կատարվել կապված ռազմական գործողությունների և համավարակի հետ»,- տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը: