Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ

ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ
Տնտեսություն
18:32, 12 июль 2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և
ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ.
COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ
վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց նաև երկրորդ՝ Արցախյան պատերազմի ցնցմանը: 2022-2026թթ.
համար ՀՀ կառավարությունը թիրախավորում/նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական
աճ: Միջնաժամկետում միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է շարունակաբար
բարձրացնել տնտեսության ներուժը՝ ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսության ներուժային աճը և կհաստատվի նոր՝
առավել բարձր մակարդակում: Վերջինիս ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ
ներդրումային քաղաքականություն՝ ներդրումներն ուղղելով տնտեսության արտահանելի հատված, դեպի
տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ, ապահովելով կապիտալի բարձր արտադրողականություն: Որդեգրված
նմանատիպ ներդրումային քաղաքականության պայմաններում միջնաժամկետում 7 տոկոս տնտեսական աճի
ապահովման համար անհաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան միջինում 12.5 տոկոս իրական աճ
(տարեկան լրացուցիչ միջինում շուրջ 270 մլրդ դրամ), ինչը հիմնական միջոցների կշիռը ՀՆԱ-ում 2019թ. համեմատ
2026թ.-ին կբարձրացնի շուրջ 5.4 տոկոսային կետով:

Բարձր տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է աշխատուժի և կապիտալի
արտադրողականության բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ,
գործարար և ներդրումային միջավայրի բարելավմամբ, աշխատուժի որակի բարձրացման և կրթական միջոցառումների
իրականացմամբ: Դրա համար անհրաժեշտ է միջինում 5.3 տոկոս ընդհանուր գործոնային արտադրողականության աճ:
Նպատակին հասնելու կարևոր գործոններից է նաև արտահանումը. ներդրումների բարձր աճին կհաջորդեն
կանխատեսվող հորիզոնում ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր աճերը: Այս
զարգացումները կարտացոլեն տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման
ազդեցությունը: Ընդ որում՝ կապահովվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մակարդակի բարձրացումը:
Հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և
երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն
կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը: Հարկաբյուջետային կանոններով սահմանված սահմանային շեմից՝
60 տոկոսից պարտքի բեռի նվազեցումը հնարավորություն կտա ստեղծել «հարկաբյուջետային տարածք» հնարավոր
շոկերին արձագանքելու նպատակով: Տնտեսական աճի տեմպերի արագացումը և հարկային քաղաքականության ու
վարչարարության ջանքերի շնորհիվ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավումը հնարավորություն
կընձեռի հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ և հետևաբար ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել
երկարաժամկետ տնտեսական աճը խթանող կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսպես, կանխատեսվող
հորիզոնում կապահովվի կապիտալ ծախսերի շարունակական աճ, որոնց կշիռը ՀՆԱ-ում 2026թ. կհասնի շուրջ 6
տոկոսի:

ՀՀ կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար ծրագրում է 2022-2026թթ
նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով:
Ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կանոններին համահունչ ընթացիկ ծախսերի
գծով նվազեցման միջոցով, որոնց կշիռը ՀՆԱ-ում կնվազի շուրջ 3.9 տոկոսային կետով մինչև 2026 թվականը:
Միաժամանակ, նախատեսվում է ընթացիկ ծախսերի կշռի նվազեցմանը զուգահեռ մեծացնել տնտեսության
երկարաժամկետ աճին նպաստող կապիտալ ծախսերի կշիռը՝ մինչև 2026 թվականը հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5.7
տոկոսին, ինչը հնարավորություն կտա տնտեսական աճի արագացման շնորհիվ նվազեցնել կառավարության
պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Այսպիսով՝ կապահովվի ՀՀ տնտեսության կայուն առաջընթացը և մրցունակության բարձրացումը՝
բարելավելով տնտեսության կառուցվածքը ի օգուտ արտահանելի ճյուղերի: Ընդ որում՝ տնտեսության ներուժի
բարձրացումը և աճի տեմպերի արագացումը կապահովվի ի հաշիվ ներդրումների բարձր աճի, արտահանման աճի
արագացման, պետական բյուջեից ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի ավելացման և կառուցվածքային
բարեփոխումների արդյունքում ակնկալվող արտադրողականության աճի:

Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա. «Նախ օրենքով մենք
ունենք պարտավորություն այսօր ընդունել Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Սա մեր այսօրվա վերջին ժամկետն է:
Երկրորդ՝ մենք ունենք ընթացակարգեր, մյուս կողմից ունենք նոր իրողություններ: Ընթացակարգերն այն են, ինչ որ
ասացի, նոր իրողությունն այն է, ինչի մասին ասել եմ ընտրություններին հաջորդած կառավարության հենց առաջին
նիստին: Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ
հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
նախընտրական ծրագիրը: Հետևաբար առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն,
Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ՝ ամբողջությամբ պետք է հենված լինեն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ
գերատեսչությունները կղեկավարեն կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն
անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը,
մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է
այսօր ընդունել և սկսել աշխատել: «Արդեն վաղուց հանձարարականները տրված են Կառավարության ծրագրի
նախագծի, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Եվ ի վերջո 2022 թվականի
բյուջեն ամբողջովին պետք է կազմվի այդ տրամաբանության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել նախընտրական ծրագրով միջոցառումներն
իրականացնելու ուղղությամբ: «Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել՝ շարքը, որ
մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքը,
ապահովելու վերաբերյալ: Ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն մի քանի տասնյակ այդպիսի
նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա»,-ասել է
վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չունենք մի նախագիծ, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության
պատճառով. «Այսինքն՝ մենք այդպիսի խնդիր չունենք և, հետևաբար, եկեք ավելի շատ կենտրոնանանք ծախսերի
արդյունավետությունը բարձրացնելու վրա»: